Հունաստանը չի խրախուսում ՌԴ դեմ պատժամիջոցների տրամաբանությունը, դա փաստացիորեն տնտեսական պատերազմ է, հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հայտնում է РИА Новости գործակալությունը:
«Հունաստանի տնտեսությունը մեծ կորուստներ է կրել պատժամիջոցներին ի պատասխան սահմանված միջոցառումներից, որոնք առնչվում են նաև հունական արտադրությանը ... Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ միջոցառումները սահմանվել են ի պատասխան պատժամիջոցների, որոնց տրամաբանության հետ մենք համամիտ չենք: Մենք հրապարակայնորեն արտահայտել ենք մեր անհամաձայնությունը»,-նշել է Ցիպրասն՝ ավելացնելով, որ Հունաստանն այդ հարցը բազմիցս բարձրաձայնել է ԵՄ տարբեր մակարդակի գագաթաժողովներում:
«Մենք չենք կարծում, որ դրանք տնտեսական պատերազմի արդյունավետ լուծում են: Այդ պատերազմը փաստացիորեն կհանգեցնի Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի»,-նշել է Հունաստանի վարչապետը: