Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է Հարավային գազային միջանցքի նախագծի իրականացման աշխատանքների վիճակին։
Ալիևը ընդգծել է Եվրոպայի համար այս ծրագիր նշանակությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ առաջ են եկել որոշ դժվարություններ:
Հարավային գազային միջանցքի իրականացման ճանապարհին այսօր խոչընդոտներ են առաջանում Տրանսադրիատիկյան (TAP) նախագծի կյանքի կոչման հարցում, որը պետք է դառնա TANAP-ի շարունակությունը Եվրոպայում։ Խոսքը մասնավորապես Հունաստանում և Իտալիայում տեղի ունեցող գործընթացների մասին է։
Հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո Հունասատանի ձախակողմյան կառավարությունը հայտարարել է TAP-ի վերաբերյալ առկա համաձայնագրերի վերանայման մասին․ Աթենքը պահանջում է ադրբեջանական գազի տարանցման համար ավելի մեծ դիվիդենտներ։
Իտալիայում Եվրոպա ադրբեջանական գազը հասցնելու դեմ հանդես են գալիս տեղի բնապահպանական կազմակերպությունները, որոնք վերջերս դիվերսիա էին իրականացրել TAP-ի շինարարությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի նկատմամբ՝ շարքից հանելով շինարարական տեխնիկան։
Բաքվում համոզված են, որ այս հարցերով պետք է զբաղվի Բրյուսելը, քանի որ այս երկու պետությունները հանդիսանում են ԵՄ անդամներ։ Ինչպես տեսնում ենք առկա խնդիրների լուծման հարցում Բաքուն ապավինում է ԵՄ-ին, գիտակցելով, որ ծրագրի տապալման հավանականությունն աստիճանաբար մեծանում է:
Հատկանշական է, որ ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ճանապարհին լուրջ խոչընդոտ է նաև ռուսական «Թուրքական հոսք» ծրագիրը, որը նախատեսում է ռուսական գազի մատակարարում Եվրոպա։