Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է, որ Եմենում ընթացող ռազմական գործողությունները կարող են լուրջ հակամարտության վերաճել արաբական երկրների և Իրանի միջև, հայտնում է Sputnik News-ը:
Այս առումով ՌԴ պաշտոնյան մասնավորապես նկատել է.
«Հակամարտության մեջ ներգրավվող պետությունների թիվը աստիճանաբար աճում է` ներառելով Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Պակիստանը և Սուդանը: Ներկայիս դրությունը կարող է վերաճել սուննի-շիա լայն առճակատման` վերջիվերջո դառնալով հակամարտություն արաբական երկրների և Իրանի միջև»:
Զուգահեռներ տանելով Եմենի ճգնաժամի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների միջև` ՌԴ պաշտոնյան ավելացրել է.
«Կա մտավախություն, որ Եմենում աճող լարվածությունը կարող է իր ազդեցությունը ունենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վրա, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները սերտորեն փոխկապակցված են: Եմենում զարգացումները չեն ստիպի Ռուսաստանի Դաշնությանը փոխել, կոշտացնել իր դիրքորոշումը Իրանի բանակցություններում: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ բանակցող մյուս կողմերը նույնպես կորդեգրեն այս սկզբունքը»: