Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բացահայտ առճակատման մեջ գտնվող թուրք աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1965 թվականին՝ Պոլսո հայոց պատրիարք Շնորհք Գալստյանին ուղղված նամակում անվանելով այն «Մեծ ցեղասպանություն»: Ինչպես հայտնում է Armenpress-ը, այս մասին հայտնում է թուրքական «Յենի Շաֆաք» թերթը՝ ներկայացնելով նամակի կրկնօրինակը:
Գյուլենի ստորագրությամբ նամակում ասվում է. «Մանկության տարիներից ու մասնագիտական գործունեության ընթացքում առիթ եմ ունեցել ճանաչելու շատ հայ ընտանիքների ու անհատների: Այն, ինչ 1915 թվականին իրականացվել է հայերի նկատմամբ, մեծ ցեղասպանություն է և դա առանց նզովելու չեմ կարող հիշել: Կարդում եմ, թե սպանվածների ու կոտորվածների շարքում ինչպիսի մեծ մարդիկ են եղել ու հարգանքով հիշում նրանց: Կարեկցանքով դատապարտում եմ Ձեր մեծ մարգարե Հիսուսի սերունդների սպանությունը տգետ մուսուլման քաղաքացիների կողմից: Այս առիթով Ձեզ անսահման շնորհակալությունս եմ հայտնում, և Աստծուց խնդրում եմ, որ այս հողերրի արժանի զավակներ մեր հայ հայրենակիցները, հույն քաղաքացիներն իրենց սիրելի թուրք եղբայրների հետ խաղաղության ու բարեկեցության մեջ ապրեն»:
Հատկանշական է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2015 թվականի սկզբում թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը Հայոց ցեղասպանության հարցում հանդես է գալիս թուրքական պետության դեմ: Նրա խոսքերով Գյուլենի շարժումը փորձում է վնասել Թուրքիայի հեղինակությանը, սակայն թուրք դիվանագետը մանրամասներ չի հայտնել:
Միաժամանակ պետք է նշել, որ մի շարք թուրքական լրատվամիջոցներ, հղում անելով Buzzfeed ամերիկյան ամսագրին, ավելի վաղ հայտնում էին, որ վերջին 8 տարիների ընթացքում Գյուլենի շարժումը 1,5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգի համար: Մասնավորապես, գյուլենական շարժումը նվիրատվություններ է արել ամերիկյան քաղաքական գործիչներին, այդ թվում Բարաք Օբամային, Հիլարի Քլինթոնին և այլն: