Ադրբեջանում ձերբակալված «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային «PEN/Barbara Goldsmith» գրելու ազատություն պարգևի, հայտնում է Artsakhpress.am-ը: Meydan TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ PEN-ի ամերկյան կենտրոնը հայտնել է, որ պարգևն այս տարվա մայիսի 5-ին հանձնվելու է Նյու Յորքում` Ամերիկայի բնության պատմության թանգարանում:
Իսմայիլովան Ադրբեջանում պետական մակարդակով կոռուպցիայի փաստեր բացահայտած լրագրող է: Ադրբեջանում նա ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: Ընդ որում, վերջինս ապրիլի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությանը դիմել էր չեղյալ համարելու իր հայցը` նշելով, որ բողոքը կապված է եղել այն ժամանակ իր հոգեկան վիճակում առկա խնդիրների և ունեցած նյարդային ցնցման հետ, և այժմ ցանկանում է հաշտվել Իսմայիլովայի հետ:
PEN-ը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որում կոչ է արել պահանջել Բաքվում անցկացվելիք Եվրախաղերից առաջ ազատ արձակել Իսմայիլովային: Նամակին միացել են նաև աշխարհահռչակ լրագրողներ Բոբ Կոստասը (NBC News), Ֆրանկ Դեֆորդը (Sports Illustrated), Սթիվ և Մարկ Ֆայնարու-Վադա զույգը (ESPN) և Դևիդ Ռեմնիկը (The New Yorker):
PEN-ի գործադիր տնօրեն Սյուզան Նոսսելն այդ առնչությամբ հայտարարել է. «Խադիջա Իսմայիլովան վախ չունի: Նա բազմիցս Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները բացահայտող հետազոտություններ է կատարել: Նա նամակներ է ուղարկում նաև բանտից և հայտարարում, որ չի լռելու, քանի Ադրբեջանում չի հաստատվել խոսքի ազատությունը»:
«PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» պարգևն ամեն տարի տրվում է ձերբակալված և հետապնդվող անձանց: 1987 թվականից այս կողմ այդ պարգևին արժանացած 39 գրողներից և լրագրողներից 35-ն արդեն ազատ են արձակվել:
Նշվում է, որ պարգևը Իսմայիլովայի անունից կստանա ադրբեջանցի վտարանդի լրագրող Էմին Միլլին: