Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Շտրալզունդ քաղաքում կայացած տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորության և նման հեռանկարի կարևորության մասին: Deutsche Welle-ն հավելել է, որ չնայած ներկայիս քաղաքական հակասություններին, կանցլերը չի ցանկանում դադարեցնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը: Միայն թե Մերկելն առաջնահերթ խնդիր է համարում ՌԴ-ի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարումը՝ ուղղված Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը:
Ազատ առևտրի գոտու շուրջ խոսակցությունները ծագել են դեռևս 2014 թվականի աշնանը, երբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ տնտեսական նման համագործակցությունը Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների բարելավման լավագույն տարբերակն է:
«Կարծում եմ, որ Եվրոպայի սթափ մտածող մարդկանցից և ոչ մեկը չի վիճի, որ ՌԴ և ԵՄ-ի միջև հարաբերությունների հարթեցման խելամիտ այլընտրանք չկա», - մասնավորապես նշել էր Լավրովը:
Արտգործնախարարը հիշատակել էր նաև Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական և հումանիտար տարածքի կառուցումը, որը պետք է հիմնվեր հավասար և անքակտելի անվտանգության ճարտարապետության վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այդ գաղափարն, ըստ Լավրովի, այլևս չի դիտվում որպես էկզոտիկա: Ընդհակառակը, այն ինչ սկսել են կոչել «ինտեգրումների ինտեգրում», դարձել է դիվանագիտության և իրական քաղաքականության մաս: «Առաջխաղացնելով եվրասիական ինտեգրումը՝ մենք բաց ենք այլ երկրների, այլ տարածաշրջանային միավորումների հետ փոխգործակցության համար», - հայտարարել էր նախարարը անցյալ տարվա հոկտեմբերին: և չնայած, այս կես տարվա ընթացքում Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերություններն է՛լ ավելի էին սրվել, հաշվի առնելով տարատեսակ պատժամիջոցները, քաղաքական խիստ հայտարարությունները և այլն, միևնույն է, Ռուսաստանը խոստացել է ազատ համագործակցել բոլոր մայրցամաքներում գործընկերների հետ:
«Ռուսաստանը հանդես է գալիս ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու օգտին։ Արևմուտքի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման համար ամենակարևորը հարգանքն է Ռուսաստանի և նրա հետաքրքրությունների նկատմամբ»,- օրերս անձամբ ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: