Հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. "Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով":
Բարեբախտաբար, Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված և անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր զրկանքներն ու անասելի դժվարությունները հաղթանակի համար:
Կարմիր բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված օգնությունը դառնում է առավել արդյունավետ, երբ 1943թ. նոյեմբերին Ստալինի հրամանով ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահն է դառնում ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա էր, որ հայազգի ծովակալ Իսակովի օգնությամբ պատերազմի ժամանակ փրկում է Լենինգրադի Էրմիտաժ թանգարանի գլուխգործոցները:
Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:
200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:
Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:
27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավասարեցվում է Հերոսի կոչմանը:
Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, 5 մարշալ, որոնցից մեկն ավիացիայի մարշալ, մեկը ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործողությունների մասնակից ևս 83 հայ սպա:
Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո:
Նշենք նրանցից մի քանիսի անունները` ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (կամ Սերգեյ Խուդյակով), բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ անուններ:
Հիրավի, ճիշտ են հայտնի բանաստեղծության տողերը. "Մեր սուրը փառքով դրեցինք պատյան"…