Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Արժույթի Միջազգային Հիմնադրամն առաջին անգամ հայտարարել է Հունաստանի հետ նրա վարկերի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում երեք կազմակերպությունների և Հունաստանի կառավարության միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել»,-հայտարարել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի եվրոպական բաժնի ղեկավար Պոլ Թոմսոնը գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ «սա դրական միտում է և այն հույս է ներշնչում»։
Միևնույն ժամանակ, Թոմսոնի խոսքերով Աթենքը և նրա միջազգային երեք վարկատուները՝ ԱՄՀ, Եվրահանձնաժողովը և Եվրոպական կենտրոնական բանկը, դեռ «շատ հեռու են իրենց հիմնական նպատակից»։
Կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ Աթենքի միջոցները կբավարարեն, ամենայն հավանականությամբ, մինչև հունիս։ «Մինչ այդ մենք պետք է ձեռք բերենք պայմանավորվածություններ, որոնք անհրաժեշտ են նոր վարկերի տրամադրման համար»,-նշել է Թոմսոնը։ Միևնույն ժամանակ, նա հայտարարել է Հունաստանի՝ Եվրագոտուց դուրս գալու լուրջ ռիսկերի առկայության մասին։
Նշենք, որ մայիսի 12-ին Հունաստանը պետք է 747 մլն եվրո վճարի ԱՄՀ տրամադրած վարկը մարելու համար։
Նախորդ շաբաթ Արժույթի Միջազգային Հիմանդրամի նախագահ Քրիստիան Լագարդը մերժել է Հունաստանին պարտքի հերթական տրանշի փոխանցման հետաձգման խնդրանքը։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր Հունաստանի և նրա միջազգային վարկատուների՝ երկիրը դեֆոլտ հայտարարելու մտադրության մասին, որը հետագայում հերքվեց հունական իշխանությունների կողմից։