«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի հետ:
- Ապրիլի 20-ին հաստատվեց վրացական պատվիրակությունների կազմը, որոնք ապրիլի 24-ին ներկա կգտնվեն Երևանում և Գալիպոլիում: Ինչպե՞ս կգնահատեիք վրացական կողմի ներկայացվածությունը:
- Նախ կցանկանայի ընդգծել, որ չնայած նախնական խոսակցություններին, թե պատվիրակությունները կգլխավորեն նախագահը և վարչապետը, այնուամենայնիվ, այժմ ունենք բոլորովին այլ պատկեր՝ Երևան է ժամանելու Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը, իսկ Գալիպոլի՝ Պաշտպանության նախարարը: Երկու միջոցառումներին էլ վրացական կողմի ներկայացվածությունը կլինի ոչ բարձր մակարդակի:
Նման որոշումը թերևս ռացիոնալ և գիտակցված ընտրություն է՝ հիմնված սառը հաշվարկի վրա՝ հաշվի առնելով երկու կողմերի հետ ունեցած հարաբերությունների բնույթը: Կարծում եմ, ակնհայտ է, որ ցանկացած այլ մակարդակի ներկայացվածություն հարցեր էր առաջացնելու ինչպես թուրքական, այնպես էլ հայկական կողմերի մոտ: Վրացական կողմը փաստացիորեն կանգնած է եղել բարդ ընտրության առջև՝ մի կողմից թիվ մեկ տնտեսական գործընկեր Թուրքիան, մյուս կողմից՝ հարևան Հայաստանը:
- Վրաստանը դեռևս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իսկ ապրիլի 15-ին հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի կոչը՝ ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանանությունը, մերժվեց խորհրդարանի կողմից: Ինչո՞վ է պայմանավորված Վրաստանի նման պահվածքն այս հարցում:
- Ինչպես շատ երկրների դեպքում, այստեղ ևս խնդիրը շահերի մեջ է: Վստահաբար կարող եմ նշել, որ այսօր վրացական հասարակության մեծամասնությունը տեղյակ է Հայոց Ցեղասպանանությունից և ճանաչում է այդ փաստը: Չմոռանանք նաև, որ մեր շատ հայրենակիցներ, Ցեղասպանությունից փրկվելով, ապաստան են գտել այդ թվում նաև ներկայիս Վրաստանի տարածքում:
Ինչ վերաբերվում է Վրաստանի քաղաքական վերնախավին, ապա այն ևս բավական լավատեղյակ է Հայոց Ցեղասպանությունից, սակայն երբ որոշում կայացնելու ժամանակն է գալիս, բարոյական հատկանիշներն իրենց տեղը զիջում են տնտեսական շահերին: Այսօր Վրաստանը հայտնվել է ադրբեջանական և թուրքական աքցանի մեջ ու շատ հարցերում ուղղակի ստիպված է հաշվի նստել այդ երկրների շահերի հետ: Այս մասին են վկայում նաև վրացական ղեկավարության կողմից արվող հայտարարությունները: Օրինակ՝ նույն ապրիլի 15-ին Սամվել Պետրոսյանի կոչի հետ կապված՝ Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ նման քննարկումը կարող է վնասել թուրք-վրացական ռազմավարական հարաբերություններին, իսկ ադրբեջանիցի պատգամավորներն իրենց հերթին զգուշացրել են, որ դա իր ազդեցությունը կունենա նաև վրաց-ադրբեջանական հարաբերությունների վրա:
Վրացական ղեկավարության նման մոտեցումը, որքան հասկանալի է, այնքան էլ անընդունելի: Լինելով մի երկիր, որը հայ ժողովրդի հետ հավասարաչափ տառապել է օտար նվաճողներից և նրա հետ միասին պայքարել է ընդհանուր թշնամիների դեմ, Վրաստանն այսօր, ցավոք, առաջնորդվում է միայն տնտեսական ակնկալիքներով: Վրացական ղեկավարությունը, որը ցանկացած քայլից առաջ մտածում է թուրք և ադրբեջանցի գործընկերների շահերի մասին, մոռանում է, որ Թուրքիայից և Ադրբեջանից ունեցած իր կախվածությունը միակողմանի չէ, քանզի Վրաստանի թեկուզ տրանզիտային հնարավորությունները կենսական նշանակություն ունեն եթե ոչ երկու երկրների համար հավասարաչափ, ապա առնվազն Ադրբեջանի համար:
Բացի այդ, վրացակայն կողմի համար առնվազն պատվաբեր չէր նաև այն, որ Վրաստանի խորհրդարանը, որն «առաջնորդվելով բարոյական սկզբունքներով» ճանաչել է չերքեզների ցեղասպանությունը, մերժեց անգամ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու առաջարկը:
Չնայած այս հարցի հետ կապված Վրաստանի քաղաքական ղեկավարության նման կարծրացած մտածողությանն՝ այնուամենայնիվ, վստահ եմ, որ վաղ թե ուշ Վրաստանը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, քանզի դրա համար առկա է ամենակարևոր նախադրյալը՝ տվյալ փաստի հանրային գիտակցումը: