Ահմեդ Դավութօղլուն թուրքական Kanal 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելու մեջ մեղադրել է «երրորդ» կողմին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությանը:
Չնշելով այն փաստը, որ 2011 թվականին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին արձանագրությունները թուրքական կողմը չի վավերացրել՝ նա միայն հայտարարել է , որ «երրորդ կողմերը անընդհատ քրքրում են խնդիրը», և ահա այդ պատճառով է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում: Նա նաև մեղադրել է հայկական սփյուռքին՝ հայտարարելով, թե նրա ամբողջ խնդիրը Թուրքիայից վրեժ լուծելն է:
«Սփյուռքին բավարարել հնարավոր չէ: Մեր կողմից կատարվող յուրաքանչյուր քայլ բավարար չեն համարում և ամեն ինչի մեջ թակարդ են տեսնում»,-ասել է Դավութօղլուն:
Նա նաև կոչ է արել երրորդ կողմերին թողնել, որպեսզի հայերն ու թուրքերը միասին «լուծեն իրենց խնդիրները և միասին հայտնագործեն իրենց աշխարհը»:
Մի երկիր, որը գրեթե միշտ ձգտում է հանդես գալ որպես երրորդ կողմ, այժմ որևէ բարոյական իրավունք չունի հանդես գալ նման քննադատությամբ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ երրորդ կողմն է խանգարում հայ-թուրքական առկա խնդիրների կարգավորմանը, ապա Թուրքիան, առաջին հերթին, խնդիրը պետք է տեսնի սեփական հռետորաբանության և պետական քաղաքականության մեջ: