Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օրերս հայտարարել է, թե կառավարությունում նոր մեխանիզմ է մշակելու` կոչված գնչուների դեմ խտրականությունը կանխելուն, և որպես իր խորհրդական, գնչուական համայնքի որևէ ներկայացուցիչ է ընտրելու:
Հունիսի 7-ին Թուրքիայում նախանշված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Դավութօղլուն հանդիպել է գնչու հասարակական գործիչների հետ և խոստացել պայքարել այն նախապաշարմունքների դեմ, որոնց բախվում են գնչուները: Վարչապետը խոստացել է նաև տեղական ինքնակառավարման այն մարմիններին, որոնք ղեկավարվում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կողմից, հանձնարարել թափուր աշխատատեղերում ընդունել գնչուների:
Վարչապետը հանդիպման ընթացքում քննադատել է նաև 1934թ. հունիսի 14-ի հայտնի Վերաբնակեցման մասին օրենքը, որը ժամանակին ընդունվել էր ԱԶԿ-ի գլխավոր մրցակից համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից` հիշեցնելով, որ իր կուսակցությունն է չեղյալ հայտարարել այդ օրենքը:
Նշենք, որ Վերաբնակեցման մասին տխրահռչակ օրենքը ժամանակին Թուրքիայում ընդունվել էր ազգային ու կրոնական փոքրամասնությունների ասիմիլյացիան ապահովելու նպատակով: Օրենքով նախատեսվում էր որևէ տարածքում հավաք բնակություն ունեցող փոքրամասնություններին վերաբնակեցնել` բաշխելով թյուրքալեզու բնակչության շրջանում, որպեսզի վերջիններս յուրացնեն նրանց լեզուն, մշակույթը: Օրենքը բռնի թուրքացման անթաքույց նպատակ էր հետապնդում: Օրենքի կյանքի կոչման փորձ էր Դերսիմը, որտեղ թուրքական կառավարության նախաձեռնությունն առաջ բերեց տեղի քրդերի դիմադրությունը և հանգեցրեց վերջիններիս կոտորածին: Միջազգային աղբյուրների համաձայն 1937-38թթ. Դերսիմում շուրջ 40 հազար մարդ է սպանվել:
Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ գնչու համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը, նրանց տված խոստումների նպատակն առաջիկա քվեարկության ընթացքում ԱԶԿ-ին նրանց աջակցությունը ապահովելն է. պաշտոնական տվյալներով Թուրքիայում այժմ բնակվում է 500 հազար գնչու: Սակայն Դավութօղլուի խոսքերը ևս մեկ հետաքրքիր ակնարկ են պարունակում: Ընդամենը օրեր առաջ Ցեղասպանություն բառը բարձրաձայնելու համար «թոշակի անցավ» Թուրքիայի հայ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ Է. Մահչուփյանը, և այժմ, մեղմ ասած, գեղեցիկ չի լինի, եթե այդ պաշտոնում էթնիկ թուրք նշանակվի: Հետևաբար կառավարությունում խորհրդականի թափուր պաշտոնը գնչուներին առաջարկելով (այլ հարց է` հետագայում այդ խոստումը կպահպանվի, թե` ոչ) Թուրքիայի վարչապետը ջանում է ընդգծել, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք չկա: Միաժամանակ, սակայն, Մահչուփյանի պաշտոնանկությամբ Անկարան, ըստ էության, ընդգծում է, որ «փոքրերին» էլ խորհուրդ չի տալիս կատակը լուրջ ընդունել ու թվացյալ ազատություններն առկա խնդիրների անկեղծ քննարկման իրական հնարավորության հետ շփոթել: