Բրիտանական BBC–ն եւ ամերիկյան Yahoo–ն իրենց կայքերում փոքրիկ տեսանյութեր են հրապարակել, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության մասին: BBC-ն ընդամենը 60 վայրկյանում հակիրճ եւ համառոտ բացատրում է, թե ինչ է պատահել հայերին «20-րդ դարի ամենամութ ժամանակաշրջաններից մեկի ժամանակ»: Տեսանյութում նշվում է, որ թուրքերը հայերի կոտորածը սկսել են օգտվելով Առաջին Աշխարհամարտի առաջացրած համատարած քաոսից: Իսկ ահա, Yahoo News-ն, իր հերթին, փոքր-ինչ ավելի երկար ու հանգամանալից տեսանյութ է պատրաստել, որտեղ Մեծ եղեռնը որակվում է որպես «թաքնված հոլոքոստ» եւ «մոռացված ցեղասպանություն»: Կայքն անդրադառնում է նաեւ հայ-թուրքական ընդհանուր պատմությանը, ինչպես եւ այն երկրներին, որոնք արդեն իսկ ճանաչել են ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը: