Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել երկրի 39 շրջաններում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ին: «Նախնական գնահատումների համաձայն՝ նրանցից մոտավորապես 2 մլն մարդ բնակվում է 11 առավել տուժած շրջաններում», -նշել են ՄԱԿ-ում:
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում կազմակերպվել է 21 վրանային ճամբար, որտեղ տուժածները կարող են անհրաժեշտ օգնություն ստանալ: ՄԱԿ-ի տվյալներով՝ տարածաշրջանում պարենամթերքի, խմելու ջրի, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության իրերի պակաս է զգացվում: Ավտոլցակայաններում հերթեր են գոյացել: Բացի այդ, շատ բանկեր փակվել են, ինչի հետեւանքով մարդիկ չեն կարողանում փող ստանալ բանկոմատներում:
Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4310-ի, տուժել է ավելի քան 8 հազար մարդ: Այդ մասին այսօր հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը: Ամբողջ գիշեր շարունակվել են մինչեւ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները: