ՄԱԿ-ը 15 մլն դոլար կհատկացնի կործանիչ երկրաշարժից տուժած Նեպալին օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին ասվում է համաշխարհային կազմակերպության հումանիտար հարցերի կոորդինացման վարչության՝ ապրիլի 28-ին հրապարակված հաշվետվության մեջ:
«Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը կարգադրել է ՄԱԿ-ի կենտրոնական հիմնադրամից 15 մլն դոլար հատկացնել արտակարգ իրավիճակին արձագանքելու համար, որպեսզի միջազգային հումանիտար կազմակերպություններին հնարավորություն ընձեռվի արագորեն գործողություններ ծավալել Նեպալում»,-ասված է փաստաթղթում:
Վերջին տվյալների համաձայն, ապրիլի 25-ին Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5 հազարը, վնասվածքներ է ստացել շուրջ 10 հազար մարդ: ՄԱԿ-ի տվյալներով տարերքի հարվածից տուժել է երկրի 8,1 մլն բնակիչ: