Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող փախստականները շարունակում են զրկված մնալ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների մարդասիրական օգնությունից ԼՂՀ չճանաչվածության, ինչպես նաև ադրբեջանական կողմի որդեգրած ապակառուցողական քաղաքականության պատճառով, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ միջազգային կազմակերպությունների հնարավոր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության իշխանության, որը մշտապես քաղաքական շահարկման է ենթարկում Ադրբեջանի փախստականների խնդիրը, խախտելով նրանց հիմնարար իրավունքները, ԼՂՀ իշխանությունները, չնայած սահմանափակ միջոցներին, փորձում են ԼՂՀ-ում բնակվող փախստականներին տրամադրել հնարավոր ամեն տեսակի ֆինանսական և բարոյական աջակցություն` նպաստելով նրանց ինտեգրմանը ԼՂՀ ներքաղաքական կյանքին:
Խորհրդային Միության գործունեության վերջին տարիներին, Ադրբեջանում հայերի նկատմամբ շարունակվող բռնաճնշումների հետևանքով պաշտոնական տվյաներով շուրջ 120 հազար փախստական ստիպված եղավ լքել Ադրբեջանը և գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նրանցից շուրջ 30 հազարը շարունակում է ապրել այնտեղ մինչև օրս: Փաստորեն ներկայումս փախստականները կազմում են ԼՂՀ բնակչության մոտ 30 տոկոսը, ինչն ավելի բարձր է, քան Ադրբեջանի բնակչություն և փախստականների միջև առկա տոկոսային հարաբերությունը:
Համաձայն «ԼՂՀ փախստականների մասին» 2004 թվականի օրենքի Հոդված 18-ի փախստականն օգտվում է սոցիալական պաշտպանվածության իրավունքից` ԼՂՀ օրենսդրության սահմանված կարգով: ԼՂՀ-ում փախստականները նաև ունեն սեփականության, աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: «ԼՂՀ փախստականների մասին» օրենը փախստականներին հնարավորություն է տալիս ստանալ ԼՂՀ քաղաքացիություն, ինչպես նաև ծառայել ԼՂՀ զինված ուժերում:
«Փախստականներն, ովքեր ժամանել են ԼՂ նախքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձևավորումը, ղարաբաղյան հասարակության մի մասն են կազմում և ունեն բնիկ բնակչությանը հավասար իրավունքներ: Նրանցից շատերը վիրավորվել, իրենց կյանքն են զոհել` ակտիվ մասնակցելով հարևան պետության ագրեսիայի դեմ ԼՂՀ պաշպանությանը, որի համար պարգևատրվել են մեդալներով» -, «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ զրույցում նշեց «ԼՂՀ փախստականներ» ՀԿ նախագահ Սարո Սարյանը:
Անդրադառնալով ԼՂՀ քաղաքացիություն ստացած փախստականների մասնկացության ԼՂՀ-ում տեղի ունեցող ընտրություններին` Սարո Սարյանը նշեց, որ ինչպես և մյուս քաղաքացիները ԼՂՀ փախստականները նույնպես մասնակցում են ընտրություններին` միևնույն ժամանակ չաջակցելով որևէ կոնկրետ կուսակցության:
ԼՂՀ-ում փախստականները մասնակցությունն ընտրություններին դրսևորվում է ոչ միայն ֆորմալ` ընտրատեղամաս գնալով և այս կամ այն թեկնածուին իրենց ձայնը տալով, այլև առկա խնդիրերը բարձրաձայնելով և իշխանությունների ուշադրությունը դրանց վրա հրավիրելով: ԼՂՀ-ում փախստականների կողմից բարձրաձայնվող հիմնական խնդրիները վերաբերում են լեզվական խոչընդոտներին (փախստականները հիմնականում ռուսախոս են և դժվարություններ են ունենում աշխատանք փնտրելիս), բնակարաններ ստանալու հետ կապված խնդիրներին (լինելով Ադրբեջանի կառավարության կողմից մեկուսացված և չունենալով միջազգային ճանաչում՝ ԼՂՀ փախստականների մի մասը դեռ զրկված է բարենպաստ պայմաններում ապրելու հնարավորությունից), ինչպես նաև այլ սոցիալ-կենցաղային և տնտեսական բնույթի հարցերի:
ԼՂՀ իշխանությունների կողմից իրականացվող անվճար տարբեր կրթական ծրագրերն ուղղված են օգնելու փախստականներին հաղթահարելու լեզվական խնդիրները: Բացի այդ, ԼՂՀ կառավարության կողմից հաստատված տարբեր ծրագրերը նպատակ ուենեն լուծելու փախստականների բնակարանային խնդիրները: ԼՂՀ կառավարությունը շարունակում է նաև փախստականների հետ հարաբերությունները կարգավորող օրենսդրական ակտերի կատարելագործման և դրանք միջազգային և ՀՀ-ում գործող իրավական նորմերին համապատասխանեցման ուղղությամբ տարվող քայլերը: Օրինակ՝ փախստականների կորցրած աշխատանքային ստաժի վերականգնման համար ԼՂՀ կառավարությունն ընդունել է որոշում 1988-1992թթ. Ադրբեջանից բռնատեղահանված անձանց ապահովագրական ստաժի որոշման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին: Որոշման շրջանակներում ստեղծված հանձնաժողովը քննարկել է կորցրած ստաժի վերականգնման վերաբերյալ տասնյակ ավելի դիմումներ և բավարարել դրանց մեծ մասը:
Ամփոփելով կարելի է փաստել, որ, չնայած դեռևս առկա խնդիրներին, վերը նշվածը գալիս է փաստելու, որ փախստականների ինտեգրումը ԼՂՀ ներքաղաքական կյանքին համարվում է ԼՂՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության կարևոր մաս, ինչի շնորհիվ այս հարցում հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց՝ անգամ առաջ անցնելով հարևան Ադրբեջանի Հանրապետությունից: Ի տրաբերություն հարևան պետության` ԼՂՀ-ում չկան փախստականների և ոչ փախստականների միջև արհեստական բաժանումներ և ԼՂՀ փախստականները հանդիսանում են ԼՂՀ լիարժեք քաղաքացիներ, ովքեր օգտվում են սոցիալական պաշպանվածության իրենց իրավունքից: