Արցախում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

09:31     3 մայիսի, 2015

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին, ժամը 8-ին բացվել են 278 ընտրատեղամասերի դռները։ Ընտրատեղամասերից մեկը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ևս մեկը՝ Երևանում, ԼՂՀ Ներկայացուցչությունում։

ԿԸՀ-ն ձևավորել է 10 ընտրատարածքներ։

Արցախում խորհրդարանական ընտրություններին մասնակցում են յոթ կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիքը» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (35), ԼՂ կոմկուսը (14), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը, ՀՅԴ-ն (34) և «Շարժում-88»-ը (14)։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 անձինք, որոնցից 27-ը՝ ինքնառաջադրմամբ։

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ավելի քան 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, դիտորդներ Հայաստանից։ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ ընտրատեղամասերը փակվելու են ուղիղ ժամը 20-ին։


© armedia.am