ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է ընտրատեղամաս և կատարել է իր ընտրությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Բ․Սահակյանը նշել է, որ հանգամանքը, որ ԼՂՀ ընտրությունները միջազգային ճանաչում չեն ստանում, դեռ չի նշանակում, որ Արցախում հուսահատվում են, հաղորդում է «Աիցախպրես»-ը։
«Այս տարիների ընթացքում բազմիցս ցուցաբերել ենք հաստատակամություն, վճռականություն և կամքի ուժ, և դա մեզ օգնել է հաղթահարել դժվարությունները: Այս խորհրդարանական ընտրություններն իրենց էությամբ առանձնահատուկ են, քանի որ նպատակ են հետապնդում նպաստելու հաջողությունների արձանագրմանը: Ընտրությունների ադյունքում կունենանք ավելի արհեստավարժ խորհրդարան, և արհեստավարժ պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությամբ ավելի արդյունավետ կերպով կնպաստեն երկրի զարգացմանը»,- ասել է Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ԼՂՀ իշխանությունները ընտրությունների անցկացմանը մոտեցել են այն սկզբունքով, որ պահպանվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից սահմանված բոլոր կանոնները: «Բայց եթե նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այդ ընտրությունները: Դրանք առաջին հերթին անհրաժեշտ են մեր երկրին, մեր քաղաքացիներին»,-եզրափակել է ԼՂՀ նախագահը: