Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են երկրի թարմացված Ընտրական օրենսգրքի բոլոր պահանջներին, ինչպես նաև միջազգային պահանջներին: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ընտրությունների դիտարկման համար Արցախ մեկնած ռուսական պատվիրակության անդամ, քաղաքագետ, «Яблоко» խմբակցության անդամ Վիկտոր Շեյնիսը, հաղորդում է Panorama.am-ը:
Ըստ նրա՝ Արցախի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հավասար քաղաքական մրցակցության պայմաններում:
«Ընտրական ամբողջ գործընթացը անցել է թափանցիկ, տեղամասերում ուժեղացված պայքար կար ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման դեմ, դիտորդներին, վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչներին տրվել են ընտրական գործընթացները լուսաբանելու և դրանց հետևելու լայն հնարավորություններ»,-ասել է Վ. Շեյնիսը:
Անդրադառնալով ձայների հաշվարկի գործընթացին, նա ընդգծել է, որ անցել է թափանցիկ, սակայն եղել են տեխնիկական փոքրիկ խնդիրներ, որոնք ընտրական հանձնաժողովի կողմից անմիջապես լուծվել են տեղում:
«Ռուսաստանյան պատվիրակությունը կարևորում է այս ընտրությունները նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման տեսանկյունից»,-նշել է պատգամավորը և կոչ արել ՄԱԿ-ին ընդունել նախօրեին Արցախում տեղի ունեցած այս ընտրություները: