Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը «Ժառանգություն խմբակցության» անդամ Թևան Պողոսյանի հետ, ով հայաստանյան խորհրդարանական պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն է անցկացրել ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքում:
- Ինչպե՞ս եք գնահատում կայացած ընտրությունները, արդյո՞ք ապահովված են եղել բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:
- Իրականում այո, Արցախում անցան շատ ազատ, թափանցիկ, մրցակցային ընտրություններ։ Կարելի է միայն ու միայն գնահատել, որ այն իշխանությունները, որ ձևավորվելու են, ունեն 100 %-անոց լեգիտիմություն:
- Ընտրությունների արդյունքում ձևավորված ԼՂՀ ԱԺ-ից ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ երկու խորհրդարանների համագործակցության առումով:
- Առաջին հերթին, պետք է գիտակցենք, որ սա առաջին անգամը չէ, որ ձևավորվում է խորհրդարան, միշտ էլ բոլոր խորհրդարաններն աշխատել են օրենսդրությամբ սահմանված կարգով: Այժմ կրկին օրենսդիր խումբ է ձևավորվելու, որը աշխատելու է Արցախի զարգացման համար ապագա բոլոր խնդիրներում՝ պառլամենտական դիվանագիտության, պառլամենտական տարբեր հարթակներում ներկայանալու, ինչպես նաև տնտեսական խնդիրների, օրենքների մշակման զարգացման հարցում ավելի ճիշտ դերակատարում ունենալու:
Ըստ այդմ էլ՝ գործավարությունն ու պետականաշինությունն Արցախում կզարգանա և հզոր երկիր ձևավորելու հնարավորություն կստեղծվի:
- Որքանո՞վ այս ընտրությունները կազդեն ԼՂՀ-ի միջազգային ընկալման փոփոխության վրա:
- Նշանակություն չունի, թե նախկինում, ինչ հայտարարություններ են արվել կամ ինչ է ասվել. Արցախը շարունակում է զարգացում ապրել:
25 երկրներից եկած 100-ից ավելի միջազգային դիտորդներ տեսել են՝ ինչ ճանապարհով է զարգանում Արցախը: Եվ, բնականաբար, այդ 100 դիտորդների և կառույցների (որոնք որ լրատվությամբ էին զբաղվում) միջազգային լրատվական միջոցներին տարածած տեղեկությունների հիման վրա աշխարհում կձևավորվի այնպիսի կարծիք , որ Արցախը ճիշտ ուղու վրա է կանգնած։ Իրենք իրենց աչքով տեսածը պատմելու են և, բնականաբար, ավելի ճիշտ տեղեկություններ կտարածվեն ԼՂՀ-ի մասին:
Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ որևէ երկիր անմիջապես կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, բայց քայլ առ քայլ Արցախի անկախ, սուվերեն երկիր լինելու ընդհանուր ընկալումն աշխարհում կնպաստի ճանաչման գործընթացին: