«Ազատ հայրենիք» կուսակցությունը ԼՂՀ ԱԺ ընտրությունները գնահատում է գերազանց։ Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է կուսակցության ներկայացուցիչ Վահրամ Պողոսյանը՝ ամփոփելով ընտրությունների ընթացքն ու արդյունքները։
«Նախ, տեղի են ունեցել բավական ակտիվ ընտրություններ և մեր սպասելիքները արդարացել են լիովին։ Ի վերջո, սա նաև յուրօրինակ գնահատական է կատարած աշխատանքի։ Այդ քվեների հետ միասին մենք ստացել ենք ժողովրդի կողմից նաև մեծ պատասխանատվություն, որպեսզի առաջիկայում կարողանանք ավելի լավ աշխատել և արդարացնել ժողովրդի հույսերը»,- ասել է Պողոսյանը։
Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ նա նշել է, որ դրանք ընթացել են ոչ միայն առանց խախտումների, այլ եղել է բարձր մասնակցություն՝ համեմատած 2010թ․-ի հետ։ «Միայն կարելի է գերազանց գնահատել արդյունքը»,- նշել է զրուցակիցը։
Խոսելով նոր խորհրդարանում կուսակցության աշխատանքի մասին՝ նա նշել է, որ մարտավարության հետ կապված առանձնապես ոչինչ չի փոխվելու։ «Աշխատելու ենք նույն ոճով, պարզապես ավելի ակտիվ և փորձելու ենք ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը»,- ասել է նա։
Պողոսյանը կարևորել է ընդդիմադիր երկու կուսակցությունների մուտքը խորհրդարան․ «Կարծում եմ նրանց ընդգրկվելը խորհրդարանում միայն բարձրացնելու է ԱԺ-ի աշխատանքի արդյունավետությունը։ Մենք պատաստ ենք աշխատել նրանց հետ հանուն մեր երկրի և ժողովրդի»։
Պողոսյանի խոսքերով, կոալիցիայի ձևավորման մասին քննարկումներ դեռ չեն ընթանում։
Հիշեցնենք, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունը մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրությունների ժամանակ զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների 47,5 տոկոսը։