«Մեր ակնկալիքները չեն իրականացել, մենք առավել բարձր արդյունքներ էինք ակնկալում»,- ասել է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում՝ ամփոփելով մայիսի 3-ին տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ ընտրությունները։
Նա նշել է, որ իշխանությունները կիրառել են իրենց ռեսուրսները՝ թույլ չտալու համար ընդդիմադիր կուսակցություններին շատ ձայներ հավաքել։ «Մենք սա գիտեինք և փորձում էինք հասարակության կազմակերպման միջոցով հասնել ինչ-որ արդյունքի, սակայն մեզ դա չհաջողվեց, հաջողվեց շատ քիչ չափով»,- ասել է Խանումյանը։
6-րդ գումարման ԱԺ-ում ընդդիմադիր կուսակցությունը հետապնդելու է երեք հիմնական նպատակ․
- «Նոր ԱԺ-ում մենք պետք է հասնենք ապակենտրոնացման։ Այսինքն Արցախի պետական բյուջեի կոնկրետ մի մաս պետք է բաշխվի համայնքների միջև՝ առկա խնդիրները տեղերում լուծելու համար,
- երկրորդ գերակայությունը, որ կարևորում ենք, ԱԺ վերահսկողության գործառույթի ընդլայնումն է և հրապարակային քաղաքական գործունեությունը,
- երրորդ կետը հասարակության ուժեղացումն է, հասարակության ինքնակազմակերպման մակարդակի բարձրացումը»,- ասել է կուսակցության նախագահը։
Խանումյանը բացառել է կոալիցիայի ձևավորման հավանականությունը՝ միաժամանակ, ցանկալի համարելով ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը 5-րդ կուսակցությունն է, որը կընդգրկվի 6-րդ գումարման ԱԺ-ում։ Այն հավաքել է քվեների 5,38 տոկոսը։