ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից «Շարժում-88» կուսակցություն ակնկալիքները կիսով չափ են արդարացել: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում հայտնել է Արցախի «Շարժում-88» կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանը:
Ադրադառնալով ընտրությունների ընթացքին՝ նա նշեց, որ այն անցել է բավականին լավ և հավելեց. «Այս ընտրությունները շահեկանորեն տարբերվում էին: Դրանք անցան հանգիստ մթնոլորտում»: Աղաբեկյանի խոսքով, որևէ էական խախտումներ տեղի չեն ունեցել, ամեն ինչ անցել է ընտրական Օրենսգրքին համապատասխան՝ չհաշված մի քանի չնչին խնդիրներ:
Խոսելով նոր ԱԺ-ում «Շարժում-88» կուսակցության անելիքների մասին՝ Աղաբեկյանը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են իրենց՝ նախընտրական ծրագրում ներառված նպատակները հնարավորինս կյանքի կոչելու համար:
«Շարժում-88» կուսակցությունը, ըստ Աղաբեկյանի, կոալիցիա կազմելու որևէ մտադրություն չունի, սակայն աշխատելու և համագործակցելու է այն բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնց իրականացրած գործունեությունը կհամընկնի իրենց նպատակներին՝ ամրագրված նախընտրական ծրագրում: «Մենք աշխատելու ենք առավելապես երիտասարդների հետ: Մենք նրանց հետ համագործակցության փորձ արդեն ունենք»,- ասել է նա:
«Շարժում-88» կուսակցությունն ընդգրկվել է նորընտիր խորհրդարանի կազմում՝ հավաքելով ձայների 6.93 տոկոսը։