Ընտրությունների արդյունքները կարտացոլվեն Արցախի թե՛ ներքին կյանքի, թե՛ արտաքին հարաբերությունների՝ այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Այդ մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ասել է «Խաղաղություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Գաբրիելյանը։
«Ընտրություններն, իհարկե, անցել են ազատ մթնոլորտում, ընտրական գործընթացում խոչընդոտ չի եղել։ Բայց այն արդյունքը, որ այս պահին արձանագրել է ԿԸՀ-ն, Արցախում առաջացրել է քաղաքական և պետական ճգնաժամ»,- ասել է Գաբրիելյանը։
Նա նշել է, որ արդյունքները, անպայման, ազդելու են և՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների և ընդհանրապես ամբողջական գործընթացի, և՛ առկա արտագաղթի վրա։
Գաբրիելյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դասավորությունը խորհրդարանում ձևավորվել է ժողովրդավարական կուսակցության ներկա մանդատների հաշվին։ «Այսինքն, լիբերալիզմը Ղարաբաղում, կարելի է ասել, զիջել է իր դիրքերը»,- ասել է կուսակցության ներկայացուցիչը։
Նա ափսոսանք է հայտնել, որ, փաստորեն, իրենց ծրագիրը հանրության կողմից չի ընկալվել։ Միաժամանակ, ընգծել է, որ իրենք շարունակելու են իրենց գործունեությունն ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 5 տոկոսանոց շեմը և չի ընգրկվի ԼՂՀ ԱԺ կազմում։ Կուսակցությունը հավաքել է ձայների միայն 0,86 տոկոսը: