Արցախի Հանրապետությունում կայացան հերթական 6-րդ խորհրդարանական ընտրությունները, որոնք նախորդներից տարբերվում էին մի քանի ուշադրության արժանի դրական կողմերով:
Առաջին դրական կողմը, որ պետք է մատնանշել, Արցախի ժողովրդի դրական, ավելի լուրջ վերաբերմունքն էր երկրում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունները փաստեցին, որ արցախցիներին հաջողվել է գալ այն գիտակցման, որ ժողովրդավարական ընտրությունները երկրի հետագա զարգացման կարևորագույն գործընթացներից են: Այս առումով թերևս պատահական չէր այն, որ արցախցիները միմյանց շնորհավորում էին ընտրությունների օրվա առթիվ, ինչպես դա անում են տոն օրերին:
Արցախցիների կողմից ընտրությունների հանդեպ ավելի լուրջ վերաբերմունքի մասին է խոսում նաև այն, որ ի տարբերություն 2010-ի խորհրդարանական ընտրության, 2015-ի խորհրդարանական ընտրություններին արցախցիների մասնակցության տոկոսը ավելի բարձր էր 70.6 (2010 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության տոկոսը եղել է 67.8): Հատկանշական է, որ համաձան ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` այս տարի կայացած խորհրդարնական ընտրություններին նաև կրկնապատկվել էր թեկնածուների թիվը` 184 քաղաքացիներ, որոնցից 41-ը կանայք:
Որպես մյուս կարևոր ձեռքբերում պետք է նշել փաստը, որ 2015 խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՂՀ-ում ձևավորվեց մասնագիտացված խորհրդարան: Անդրադառնալով կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում «Ժողովրդական դիվանագիտական ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Իրինա Գրիգորյանը, մասնավորապես, նկատեց.
«Այս տարվա ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին որ Արցախում ժողովրդավարության մակարդակը տարեցտարի աճում է: Փաստը, որ այս ընտրությունների արդյունքում խորհրդարանում ներկայացվեց 5 կուսակցություն, այդ թվում ընդդիմադիր կուսակցություններ, արդեն իսկ մեծ նվաճում է և խոսում է այն մասին, որ ընտրություններն անցել են ազատ և արդար: Մեկ այլ առաջընթաց է այն, որ ընտրությունների արդյունքում ձևավորվելու է մասնագիտացված խորհրդարան: Կասկածից վեր է այն, որ նման` մասնագիտացված խորհրդարանում քննարկումներն ավելի թիրախավորված կլինեն և ավելի հաճախ կբերեն ԼՂՀ բնակչության խնդիրների լուծմանը»:
ԼՂՀ 2015 ընտրությունները աչքի ընկան նաև միջազգային դիտորդների ավելի մեծ քանակով: Խոսելով միջազգային դիտորդների՝ ընտրություններին տված գնահատականների մասին` Իրինա Գրիգորյանը, մասնավորապես, նկատեց. «Եվրոպացի դիտորդները փաստում են, որ իրենք Արցախից սովորելու շատ բան ունեն»:
Ամփոփելով կարելի է փաստել, որ այս տարի ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները փաստեցին, որ ԼՂՀ հաստատակամ առաջ է շարժվում իր պետականաշինության ճանապարհով` նպաստելով այնպիսի պետության ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է իր երկրի ապագայի համար: