Խոսելով հայերի մասին՝ մարշալ Ժուկովն ասել է. «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը, սկսած շարքայինից և վերջացրած մարշալով, իրենց անուններն անմահացրել են քաջարի մարտիկների չխամրող փառքով»։
Հայ ժողովուրդն ամենաակտիվ մասնակցությունն է ցուցաբերել ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաև Սփյուռքում: Խորհրդային բանակ է զորակոչվել մոտ 600 000 հայ, որոնցից մոտ կեսը զոհվել է պատերազմում: Սփյուռքի հայերից դաշնակից երկրների բանակներում Երկրորդ համաշխարհայինին մասնակցել է շուրջ 1,5մլն հայ: Միայն ԱՄՆ զորքերում կռվում էին մոտ 20000 հայ զինվորներ:
Հայկական սփյուռքը պատերազմին իր մասնակցությունն է բերել զինված պայքարի, դրամական հանգանակությունների, ինչպես նաև գաղափարական պայքարի ձևով: Սփյուռքում հավաքված գումարներով են ստեղծվում «Սասունցի Դավիթ», «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Հայաստան է ուղարկվում դեղորայք և հագուստ:
Ֆրանսիայում հայերը ակտիվորեն մասնակցում են ֆաշիզմի դեմ ֆրանսիական ժողովրդի մղած պայքարին: Սփյուռքահայ պարտիզաններից առավել հայտնի էր Ֆրանսիայում գործող Միսաք Մանուշյանի պարտիզանական ջոկատը:
Հայերը հարկադրված մասնակցել են ռազմական գործողությունների նաև ֆաշիստների կողմում: Գերմանական բանակում գործում էին տարբեր ազգերի ռազմագերիներից կազմված ազգային լեգեոններ: Նժդեհի, Դրոյի նախաձեռնությամբ ստեղծվում է հայկական լեգեոն, ինչը մի հուսահատ փորձ էր պատերազմում ԽՍՀՄ պարտության դեպքում Գերմանիայի բարյացակամությունը շահելու և Թուրքիայի կողմից իրագործվելիք հայկական ջարդերը կանխելու համար: Բանն այն է, որ Թուրքիան գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ և 26 դիվիզիա էր կենտրոնացրել Անդրկովկասի սահմանին` ԽՍՀՄ վրա հարձակվելու համար: