Մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրությունները կազմակերպման ձևի մեջ մի քայլ առաջ են նախորդների համեմատ, սակայն, Արցախի ՀՅԴ կուսակցությունն ավելի բարձր արդյունքներ էր ակնկալում: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է կուսակցության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը:
«Մենք մի քիչ ավելի շատ էինք ակնկալում, քան ստացանք ընտրությունների արդյունքում: Միաժամանակ, մենք հպարտ ենք, որ բացառիկ ուժերից մեկն էինք, որ հանդես եկանք համակարգային փոփոխությունների առաջարկով»-նշել է Սարգսյանը:
Ստացած ձայները նա գնահատել է որպես լուրջ արդյունք ՀՅԴ-ի համար՝ ընդգծելով, որ դա ցույց է տալիս, որ իրենց ծրագիրը ժողովրդի կողմից ընկավել է։
Նոր ձևավորվող խորհրդարանում, Սարգսյանի խոսքերով, ՀՅԴ-ն գործելու է իր ծրագրային դրույթներին համապատասպան՝ առաջնորդվելով «Խաղաղություն, արդարություն, աշխատանք» կարգախոսով:
Կոալիցիա կազմելու հնարավորությունն Արմեն Սարգսյանը բացառել է՝ նշելով, որ իր կարծիքով անհրաժեշտ է տարբեր ուժերի հետ համագործակցել տարբեր հարցերի շուրջ, ոչ թե մեկի հետ կոալիցիա ձևավորել:
ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքում հավաքել է քվեների 18,81 տոկոսը՝ զբաղեցնելով երրորդ տեղը: