«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետներ Լիանա Հովհաննիսյանը և Աննա Կարապետյանն այսօր մամլո ասուլիս են տվել՝ ամփոփելով ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրությունները:
Փորձագետներն անդրադարձել են ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքին, դիտորդների և քաղաքական ուժերի տված գնահատականներին: Նրանք համեմատականներ են անցկացրել կուսակցությունների արտաքին քաղաքական ծրագրերի միջև: Բացի այդ, փորձագետներն անդրադարձել են ԼՂՀ ԱԺ ընտրություններին միջազգային հանրության տված արձագանքներին՝ համեմատելով ԼՂՀ նախորդ երկու համապետական ընտրություններին տված գնահատականների հետ:
«ԼՂՀ-ն թե՜ դիտորդների, թե՜ քաղաքական ուժերի գնահատականով անցկացրել է ազատ և թափանցիկ ընտրություններ՝ արձանագրելով քայլ առաջ ժողովրդավարացման ճանապարհին: Այս ընտրություններն առաջին հերթին կարևոր են Արցախի բնակչության համար, որպես սեփական կյանքի ինքնակազմակերպման կարևոր միջոց»,- ասել է փորձագետ Աննա Կարապետյանը:
«ԵՄ-ն Արցախի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ արված իր հայտարարությամբ դեմ դուրս եկավ իր իսկ կողմից քարոզվող արժեքներին»,- նկատեց փորձագետ Լիանա Հովհաննիսյանը: