Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է կապ հաստատել ընտրարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հետ:
Ներկայացնում ենք Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցության ղեկավարի՝ Էդ Միլիբանդի՝ «Արմեդիա» ՏՎԳ-ին տված բացառիկ մեկնաբանությունն՝ ընթացիկ ընտրությունների վերաբերյալ:
«Արմեդիա» ՏՎԳ-ի հետ երեկ երեկոյան բացառիկ զրույցի ընթացքում Բրիտանիայի Աշխատավորական (Լեյբորիստական) կուսակցության ղեկավար Էդ Միլիբանդն իր տեսլականն է ներկայացրել ընտրությունների վերաբերյալ:
Նա նշել է, որ կնոջ՝ Ջասթին Թորնթոնի հետ միասին երեկ վերադարձել են Դոնքասթեր (քաղաք Հարավային Յորքշիրում, Անգլիա), որպեսզի այսօր առավոտյան մասնակցեն քվեարկությանը:
«Ջասթինն ու ես հենց նոր ենք վերադարձել Դոնքասթեր, որպեսզի կարողանանք վաղն առավոտյան քվեարկել, ինչն առաջին բան է, որ կանենք: Ուստի, քանի դեռ մի փոքր ազատ ժամանակ ունեմ, ուզում եմ ասել հետևյալը. վաղը մենք հնարավորություն ունենք մեր երկիրը փոխելու: Մենք հնարավորություն ունենք կառուցել այնպիսի երկիր, որը ոչ միայն արտոնյալների համար է, այլ աշխատավոր մարդկանց, կառուցել ապագա մեր երիտասարդների համար և փրկել Ազգային առողջապահական ծառայությունը (NHS)»:
Անդրադառնալով իր՝ Աշխատավորական և իշխող՝ Պահպանողական կուսակցության վարած քաղաքականության տարբերություններին՝ Էդ Միլիբանդը նշեց.
«Ընտրությունը միայն վարած քաղաքականությունների մեջ չէ, կամ նրանում, թե վարչապետ կդառնա Դևիդ Քեմերո՞նը, թե՞ ես: Սա պայքար է երկու բացարձակապես տարբեր գաղափարախոսությունների միջև: Դևիդ Քեմերոնը հավատում է, որ եթե վերևում կանգնած մարդիկ լավ ապրեն, նրանց հարստությունը կգլորվի ներքև և Բրիտանիան կզարգանա: Ես հավատում եմ, որ Բրիտանիան հաջողության կհասնի միայն այն դեպքում, եթե աշխատավոր մարդիկ հաջողության հասնեն: Եթե ես ընտրվեմ վարչապետ, իմ յուրաքանչյուր որոշումը կայացնելիս կառաջնորդվեմ այս տրամաբանությամբ»:
«Այս ընտրություններին ծավալվող պայքարն ամենաթեժն է լինելու երբևէ գրանցված ընտրական պայքարից. պայքարը շարունակվելու է մինչև վերջին ակնթարթը: Առաջ դեպի մեր երկրի վառ ապագան»,- հավելեց Միլիբանդը: