«Ինձ համար պատիվ էր ներկա գտնվել Ազգային տաճարում Հայաստանի «աղոթքին՝ հանուն արդարության և խաղաղության»: Փոխնախագահ Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Փաուերը միացել էին նախագահ Սերժ Սարգսյանին»,- գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր միկրոբլոգում:
Մայիսի 7-ին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:
Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս և Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգևորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ: