Զվարճալի միջադեպեր Արցախյան պատերազմի տարիներից. «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության հետ բացառիկ հարցազրույցում պատմում է Արցախյան ազգային, ազատագրական պայքարի առաջամարտիկ, հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վլադիմիր Վարտանովը:
Գետաբեկի շրջանում մեզ վրա թուրքերի կողմից առկա ճնշումը թուլացնելու նպատակով հետաքրքիր հնարքի դիմեցինք: Որոշեցինք և կազմակերպեցինք ֆուտբոլի առաջնություն մեր դեմ կռվող թուրքերի միջև:
Արդյունքում նրանք, ովքեր պետք է մեր դեմ կռվեին ֆուտբոլ էին խաղում: Ասեմ, որ լավ էլ խաղում էին, մենք հեռադիտակներով հետևում էինք: Դա նրանցից մոտ երկուսից երկուսուկես ամիս ժամանակ խլեց: Նրանք լարված ֆուտբոլ էին խաղում, մենք էլ խոշոր մրցանակներ էինք սահմանել:
Բնականաբար, նրանք տեղյակ չէին, որ այդ առաջնությունը հենց մենք` հայերս էինք կազմակերպել: Փոխարենը նրանք կարծում էին, որ դա ինչ-որ խոշոր կազմակերպություն է կազմակերպել: Բարեբախտաբար, որոշ ժամանակ թուրքերը տարվեցին ֆուտբոլով, և քիչ հարձակումներ եղան այդ շրջանի հայկական գյուղերի վրա: