Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ձեռնմուխ է եղել պահպանողականների միակուսակցական կաբինետի ձևավորմանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ պահպանողականներին հաջողվել է համընդհանուր քվեարկության արդյունքում ստանալ քվեների բացարձակ մեծամասնությունը. Համայնքների պալատում նրանք կզբաղեցնեն պատգամավորական 650 տեղից 331-ը:
Մայիսի 7-ի քվեարկության արդյունքներով երկրորդ տեղում Լեյբորիստական կուսակցությունն է`232 մանդատով, վերջինս կորցրել է 26 աթոռ խորհրդարանում: Այս քվեարկության անակնկալներից էր նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) վճռական հաղթանակը երկրամասում. ՇԱԿ-ին հաջողվել է Համայնքների պալատում մանդատների թիվն ավելացնել 50-ով` նախկին 6-ի փոխարեն` գրավելով 56 տեղ: Լիբերալ-դեմոկրատները ստացել են 8 մանդատ, նախկին 57-ի փոխարեն, ևս 8 տեղ Համայնքների պալատում կզբաղեցնի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը, 4 տեղ` Հյուսիսային Իռլանդիայի ազգայնական Շին Ֆեյն կուսակցությունը, 3 տեղ` Ուելսի կուսակցությունը, Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունը, որի հռչակած գլխավոր նպատակը ԵՄ կազմից Բրիտանիան դուրս բերելն է, ստացել է ընդամենը մեկ մանդատ:
Մինչև քվեարկությունը Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, թե դեռևս անելիքներ ունի վարչապետի պաշտոնում: «Կարևորը սկսած գործն ավարտին հասցնելն է, հաշվի առնելով բյուջեի 5% դեֆիցիտը և գործազրկության դեռևս բարձր մակարդակը, մենք գործի կեսն ենք արել, մինչդեռ բրիտանացիների հավակնությունները միշտ էլ բարձր են եղել», – օրերս հայտարարել էր Քեմերոնը FT-ին տված հարցազրույցում: Եվ այժմ Բրիտանիայի երիտասարդ վարչապետը, ով 1812թ.-ից ի վեր նախարարների կաբինետը գլխավորած ամենաերիտասարդ քաղաքական գործիչն է, ունի թագավորության հպատակների մեծամասնության վստահությունը սկսած կուրսը շարունակելու հարցում:
Պաշտոնավարման նախորդ հինգ տարիների ընթացքում Քեմերոնին հաջողվել էր նվազեցնել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը թագավորության տնտեսության վրա` ծախսերի կրճատման գրագետ քաղաքականության շնորհիվ: 2009-ին Բրիտանիայի տնտեսությունն ապրում էր իր առաջին խոշոր ցնցումը Երկրորդ աշխարհամարտից ի վեր. պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի գրեթե 13%-ը, ՀՆԱ-ն, իր հերթին, կրճատվել էր 4,8%-ով, իսկ պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 80%-ը: Երկրում շուրջ 2.5 մլն. գործազուրկ կար: Տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով Քեմերոնի կաբինետը ձեռնմուխ եղավ արմատական քայլերի. առաջին հերթին, ավելացվեցին խոշոր կորպորացիաներից գանձվող հարկերը: «Ցու՛յց տվեք ինձ մի ընկերություն, որը չի կարող իր բյուջեն կրճատել 2,8 տոկոսով մեկ տարվա ընթացքում»,-խոշոր հարկատուների նկատմամբ որդեգրած իր քաղաքականությունն այսպես է հիմնավորել Քեմերոնը:
Վերջինիս կաբինետը միևնույն ժամանակ հրաժարվեց նախկին կառավարության կողմից մշակված` գործատուներից գանձվող սոցիալական վճարները բարձրացնելու նախագծից, ինչը տնտեսական ճգնաժամի պայմաններում անխուսափելիորեն կհանգեցներ գործատուների կողմից հաստիքների կրճատման, հետևաբար` գործազրկության մակարդակի աճի: Քեմերոնն արգելեց նաև բանկերին ռիսկի տակ դնել բնակիչների դեպոզիտային միջոցները` սպառնալով փակել օրինախախտ ընկերությունները:
Ֆինանսատնտեսական դժվարություններից բացի, տորիներին սպասվում էր ևս երկու կարևոր փորձություն, որոնցից մեկն առնչվում էր ԵՄ կազմում Միացյալ Թագավորության մնալու, մյուսը` Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անկախանալու հարցին:
Երբ Համայանքների պալատը պատրաստվում էր քվեարկել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը ժողովրդական հանրաքվեի ներկայացնելու որոշման շուրջ, Քեմերոնը կտրականապես դեմ հանդես եկավ դրան` պատգամավորների առջև իր ելույթում նշելով. «Այժմ ամենահարմար պահը չէ դրա համար, քանի որ երբ հարևանիդ տանիքը վառվում է, անհրաժեշտ է օգնել նրան մարելու կրակը, ոչ թե անել ամեն ինչ, որպեսզի կրակը չտարածվի նաև ձեր տան վրա»:
Սակայն այսօր արդեն Քեմերոնը հայտարարում է, որ մինչև 2017թ. ավարտը բրիտանացիները կքվեարկեն ԵՄ կազմից դուրս գալու հարցի շուրջ: ԵՄ-ից անկախանալու հանրաքվեի մասին խոստումը նաև պահպանողականների նախընտրական ողջ արշավի կարևորագույն դրույթներից էր, ինչը նրանց հաղթանակում ֆինանսական հարցերի կողքին պակաս կարևոր նշանակություն չունեցավ` որևէ շանս չթողնելով Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցությանը:
Հետևաբար, ի՞նչն է փոխվել այս ընթացքում:
Բանն այն է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցը որևէ կերպ նպատակահարմար չէր քննարկել մինչև Շոտլանդիայում անկախության հարցի շուրջ հանրաքվեն: Ի թիվս այլ փաստարկների, Բրիտանիայից անկախանալու դեպքում ԵՄ կազմից Շոտլանդիան բացառելու` Բրյուսելի սպառնալիքները ծանրակշիռ փաստարկ էին հօգուտ յունիոնիստների և որոշակի դերակատարություն ունեցան անկախության հարցում շոտլանդացիների «ոչ»-ն ապահովելու գործում: Այժմ, երբ շոտլանդացիների անկախանալու վտանգը հետևում է, ըստ պահպանողականների, ճիշտ ժամանակն է հստակեցնել Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունները:
Դժվար է ասել, թե արդյոք պահպանողականները և անձամբ ինքը` Քեմերոնը, կողմ են ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուն. բոլոր ուսումնասիրությունները և անձամբ Լոնդոնի քաղաքապետի (ով Քեմերոնի թիմի հանգուցային անդամներից է և վայելում է վարչապետի համակրանքը) գլխավորությամբ իրականացված փորձագիտական գնահատականները վկայում են, որ Թագավորության համար ամենաձեռնտու տարբերակը ԵՄ կազմում մնալն է` վերջինիս բարեփոխման պարագայում: Այնուամենայնիվ, արդեն իսկ հստակ է, որ Քեմերոնը կերաշխավորի բրիտանացիների իրավունքը`վճռելու ԵՄ կազմում կամ դրանից դուրս Բրիտանիայի ապագան կառուցելու հարցը:
Միաժամանակ, այս հնարավորությունը նա մի կողմից կօգտագործի Բրյուսելի հետ ԵՄ բարեփոխման շուրջ բանակցություններում, մյուս կողմից` սեփական հանրությանը հնարավորինս պարզ ներկայացնելու Միության կազմում մնալու կամ նրանից դուրս գալու բոլոր դրական ու բացասական կողմերը:
Սակայն ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն ևս մի խնդիր է առաջացնում. Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթարջենը (ովքեր Համայնքների պալատում շոտլանդական 59 մանդատից գրավել են 56-ը) հայտարարել է, որ ԵՄ-ից Բրիտանիայի անկախանալու հարցը հանրաքվեի ներկայացնելու դեպքում իրենք հետամուտ կլինեն կրկին հանրաքվեի դնել Թագավորությունից Շոտլանդիայի անկախացման հարցը:
Թվում է` տորիները 2017-ի հանրաքվեն լրջորեն քննարկելուց և նման ռիսկի գնալուց առաջ հաշվի են առել նաև այս «անհարմարությունը»: Եթե անգամ շոտլանդացիներին հաջողվի կրկնակի հանրաքվեի խոստում կորզել տորիներից, ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկվի միայն 2017-ի հանրաքվեից հետո, որում տորիները հիմքեր ունեն ակնկալելու, որ բրիտանացիները քվեարկած կլինեն բարեփոխված ԵՄ կազմում մնալու օգտին: Նման արդյունքից հետո շոտլանդական հանրաքվեի հարցը կրկին քննելը պարզապես անիմաստ կդառնա: