ՀՀ մշակույթի նախարարության պատոնական էջը տեղեկացնում է, որ Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի։ Հայաստանը հեղինակավոր այս հարթակում ներկայանում է «Հայություն» խորագրով ցուցադրությամբ: Տաղավարը տեղակայված է Սուրբ Ղազար կղզում` Մխիթարյան միաբանության տարածքում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տաղավարի ցուցադրությանը մասնակցում են սփյուռքահայ 18 արվեստագետներ: Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի մեծ ու փոքր քաղաքներում ստեղծագործող այս արվեստագետներին միավորում է իրենց ազգությունը: Նրանք Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներն են, ովքեր դաժան ճակատագրի բերումով հայտնվել են հայրենիքից դուրս, սակայն իրենց մեջ կրում են ազգային ինքնությունն ու հիշողությունը: Բիենալեի տաղավարի համադրողն է Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:
«Ցուցահանդեսը «Հայություն» անվանելու համար ինձ ներշնչել է ֆրանսերեն Armenite բառը: Այն ինձ թվաց նոր ու հարմար բառ, որպեսզի նկարագրեմ հայ արվեստագետների ու մտավորականների` անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը սակայն պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- այսպես է բնորոշել իր մտահղացումը հայկական տաղավարի համադրողը:
Հայաստանյան տաղավարի պաշտոնական բացման խոսքում ՀՀ մշակույթի նախարար Հ․ Պողոսյանն ասել է.
«Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն մեծ խորհուրդ ունի ոչ միայն համայն հայության, այլ նաև ողջ մարդկության համար: Հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իրագործած ոճրագործությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որն անպատիժ մնալով, դարձավ այլ ցեղասպանությունների նախադեպ: Ճիշտ է, թեև մինչև հիմա այն դատապարտված ու պատժված չէ, բայց այնուամենայնիվ, հայ ժողովուրդը կարողացավ վերապրել ու գոյատևել: Յուրաքանչյուր ազգ իր իմաստավորված գոյությամբ արժևորում է իր ներկայությունը ժամանակի մեջ: ԱՆշուշտ, մենք միշտ գնահատում ու մեծարում ենք դասական արվեստագետների հավերժական դարձած գործերը, սակայն գիտակցում ենք, որ կյանքն առաջ է ընթանում և այսօր մեր կողքին ստեղծագործող ժամանակակից նկարիչն ապագայի մեր դասականն է դառնալու: Վենետիկի 56-րդ միջազգային բիենալեում հավաքված «Հայությունը» համոզված է, որ արվեստն իր ապագայի երազն է, և անցյալի իր չդադարող ու անընդմեջ շարունակվող հիշողությունը»: