Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաներն ու անդամ-երկրների առաջին դեմքերն արդեն շնորհավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին` վերընտրվելու կապակցությամբ: Բայց շատերին խուճապի է մատնել Քեմերոնի` վերընտրվելուց հետո հանրաքվե անցկացնելու հայտարարությունը̦ ըստ որի պետք է որոշվի արդյո՞ք ՄԲ-ն մնում է ԵՄ կազմում̦ թե՞՝ ոչ:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հույս է հայտնել̦ որ Մեծ Բրիտանիան̦ այնուամենայնիվ̦ կմնա ԵՄ կազմում̦ և որ, իր համոզմամբ, ոչ մի երկրի համար ԵՄ սահմաններից դուրս ավելի լավ կյանք չի կարող լինել:
«Բրիտանիան առանցքային դեր է խաղում ընդհանուր եվրոպական սկզբունքների ձևավորման և զարգացման գործում: Անհրաժեշտ է նաև պահպանել մրցակցային տնտեսությունը̦ արդյունավետ ընդհանուր շուկան և ազատ առևտուրը»̦ - նշել է Տուսկը:
Իսկ ահա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը խոստացել է̦ որ կառուցողական կերպով կհամագործակցի նոր կառավարության հետ։ «Ես շատ օբյեկտիվ, ինչպես նաև ընկերասեր ու քաղաքավարի եղանակով եմ պատրատվում քննարկել Մեծ Բրիտանիայի` ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցը»̦ - շեշտել է Յունկերը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, իր հերթին, հեռախոսազրույց է ունեցել Քեմերոնի հետ` շնորհավորելով նրան վերընտրվելու կապակցությամբ և Փարիզ հրավիրել բանակցությունների:
«Մենք կշարունակենք քննարկումները բրիտանացիների հետ պոզիտիվ եղանակով: Ոչ մի դեպքում չի կարելի խառնվել նրանց ներքին գործերին, բայց լսել նրանց ցանկություններն ու միասին քննարկել դրանք` մենք իհարկե պատրաստ ենք»̦ - նշել է Օլանդը:
Բրիտանական խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ջենտիլոնին̦ ով, մասնավորապես, ասել է․ «Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի հեռանալը նախևառաջ հենց իրենց` բրիտանացիների համար աղետի կվերածվեր: Այդ պատճառով ես համոզված եմ̦ որ անկախ հանրաքվեի արդյունքներից̦ պաշտոնական Լոնդոնն ամեն դեպքում ԵՄ կազմում մնալու օգտին հանդես կգա»: