Վաշինգտոնը դեմ է Հունաստանի տարածքով «Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը եվրոպական սպառողին հասցնելուն։ Այս մասին հայտարարել է Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի հարցերով նախարար Լաֆազանիսը ԱՄՆ-ի միջազգային էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Հոկստայնի հետ հանդիպումից հետո։
ԱՄՆ-ում կարծում են, որ գազատարի կառուցումը չի օգնի Հունաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացմանը։ Այդ կապակցությամբ Վաշինգտոնը խորհուրդ է տալիս Աթենքին միանալ Տրանսադրիատիկ գազատարին՝ չմանրամասնելով այս ծրագրերի միջև առկա տարբերությունները։
Ինչ վերաբերում է պաշտոնական Աթենքի դիրքորոշմանը, ապա վերջինս համաձայնել է իր տարածքում գազատարի կառուցմանը։
Նշենք, որ «Թուրքական հոսքի» շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը։ Նա նշել է, որ նախատեսվում է «Թուրքական հոսքը» շահագործման հանձնել 2016 թվականին։ Բազմաթիվ փորձագետներ այս ժամկետը ոչ իրատեսական են համարում՝ հաշվի առնելով այդ ուղղությամբ առկա մի շարք խնդիրները։
Նախ և առաջ նախագծի երկու գլխավոր մասնակիցները՝ Թուրքիան և Ռուսաստանը, չեն կարողանում վերջնական համաձայնության գալ մի շարք տեխնիկական հարցերի շուրջ։ Իսկ վերջին շրջանում Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում առկա լարվածությունն այս առումով լավատեսություն չի ներշնչում։
Մյուս կողմից, նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Սերբիան հրաժարվել է «Թուրքական հոսքով» գազ ստանալուց։ Սերբիան անհնար է համարում իր տարածքում «Թուրքական հոսք» գազատարի շարունակումը, քանի որ սերբական կողմն ինքը պետք է ֆինանսավորի խողովակաշարի այդ հատվածի կառուցումը, ինչը ձեռնտու չէ Բելգրադին։ Այս մասին նախորդ շաբաթ հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Интерфакс-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ «Թուրքական հոսքի» խողովակաշարը պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։
Այս ամենը լուրջ կասկածներ է ստեղծում, որ թուրքական հոսքն իր նախորդի՝ «Հարավային հոսքի» ճակատագրին կարող է արժանանալ։