Օրեր առաջ հայտնվեց տեղեկատվություն այն մասին, թե մայիսի 21-22-ը Ռիգայում նախանշված Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պատրաստվում են քննարկել ղարաբաղյան կարգավորումը: Հետաքրքիր է, որ այս տեղեկատվությունը տարածվել էր ԵՄ անանուն մի ներկայացուցչի կողմից: ՀՀ պաշտոնական շրջանակներն այս տեղեկատվությունը թեև հրապարակայնորեն չհերքեցին, բայց և չհաստատեցին: Այսօր արդեն ԵԱՀՄ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը», սակայն խուսափել է նշել առաջիկա հանդիպման վայրն ու ժամկետը:
Հատկանշական է, որ Ուորլիքն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշում է, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախապատրաստելու համար համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան և հանդիպել Արցախի գործող իշխանությունների հետ:
Հետաքրքիր է, որ ԱլԳ գագաթնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրը հնչեց մայիսի 9-ի տոնակատարություններից ընդամենը մեկ օր անց, այն պարագայում, երբ հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսությունների առթիվ Մոսկվա էին հրավիրված թե' Ս. Սարգսյանը, թե' Ալիևը (որտեղ ցանկության դեպքում կարող էին և շփվել):
Հնարավոր է` ԵՄ որոշ շրջանակների կողմից անպատեհ ակտիվությունն այս հարցում, եթե ոչ առաջնային, ապա գոնե որոշակի դեր ունեցավ Ռիգայում նախատեսվող միջոցառման նկատմամբ Մոսկվայի զայրույթը հրավիրելու գործում: Հետաքրքիր է, որ նույնիսկ ուկրաինական ճգնաժամի պայմաններում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ծայրահեղ լարվածության ֆոնին Մինսկի խմբի շրջանակներում համանախագահները փորձել են առավելագույնս պահպանել հավասարակշռությունը և հանդես գալ համակարգված: Ապացույցը 2014-ին ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև կազմակերպված հանդիպումներ էին, որոնցից առաջինը տեղի ունեցավ Սոչիում, երկրորդն` ամերիկյան Նյուպորտում, երրորդը և դեռևս վերջինը` Փարիզում:
Հետևաբար կարելի է եզրակացնել, որ ԵՄ-ի` ներկայանալ չցանկացող պաշտոնյայի կողմից հնչած հայտարարությունը չի արվել առանց Ադրբեջանի ուղղակի ջանքերի, որի օրակարգում են շարունակում է մնալ բանակցային ներկա ձևաչափը փոփոխելը, հարցի կարգավորման փոխզիջումային ցանկացած տարբերակից հրաժարվելը: Սակայն թվում է` Արևմուտք-Ռուսաստան հակադրությունների վրա խաղալու` Ադրբեջանի փորձերն այս անգամ էլ տապալվեցին: