Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից ներկայացված «Մարդկային կապիտալ 2015» զեկույցը ամփոփում է 124 երկրների մարդկայնի ներուժի պատկերը:
Ըստ ՀՏՖ-ի՝ տաղանդը, ինչը հանդիսանում է նորարարությունների, մրցունակության և աճի գլխավոր գործոնը 21-րդ դարում, միայն զուտ կապիտալ չէ: Ցանկացած անհատ պետք է ճիշտ հասկանա նաև համաշխարհային տաղանդ արժեքի շղթան: Վիճակագրական տվյալներն ու գնահատման մեթոդները շատ կարևոր են այն հասկանալու համար:
Մարդկային կապիտալի ինդեքսը հաշվարկում է, թե ժամանակի ընթացքում ինչքան և ինչպես են երկրները զարգանում ու տեղաբաշխում իրենց մարդկային կապիտալը: Զեկույցը համապարփակ տեղեկատվություն է տալիս, թե տվյալ երկիրը որ տեղում է գտնվում՝ կախված տաղանդի աստիճանից: Զեկույցը ներառում է նաև աշխատողների կրթվածության մակարդակի, գործազուրկների և հասարակության ոչ ակտիվ շերտի մասին տեղեկատվություն:
Այսպիսով, ըստ մարդկային կապիտալի ինդեքսի՝ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է 43-րդ տեղում 124 երկրների ցանկում: Ինդեքսը կազմում է 72,5 միավոր, որը 13 միավորով զիջում է առաջին տեղում գտնվող Ֆինլանդիային, որը գրանցել է 85,75 միավոր 100 միավոր սանդղակում:
Ադրբեջանը հետ է մնում Հայաստանից 20 միավորով՝ գտնվելով 63-րդ տեղում 67,58 միավորով: Թուրքիան նույնպես բավական հետ է Հայասատանից: Այն գտնվում է 68-րդ տեղում 67,09 միավորով: Նկատելի է, որ տարածաշրջանի այս երկու երկրները գրանցել են գրեթե նույն միավորները: Իսկ հարևան Իրանը գտնվում է 80-րդ տեղում 63.2 միավորով:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինս բացակայում է ցուցակից: Ռուսաստանը գտնվում է 26-րդ տեղում՝ գրանցելով 77,54 միավոր: Ցուցակում ամենավերջին տեղում է գտնվում Եմենը 40,72 միավորով:
Կառավարությունը, գործարար միջավայրի առաջնորդները, կրթական կառույցները և անհատները պետք է լավ հասկանան ու պատկերացնեն համաշխարհային տաղանդ արժեքի շղթայի կարևորությունը մեր առօրյա կյանքում:
Իհարկե ցանկացած երկրի համար բնական ռեսուրսները շատ կարևոր են բարեկեցիկ կյանք ապահովելու և տնտեսապես զարգացնելու համար, սակայն բնական ռեսուրսներով հարուստ, բայց մարդկային տաղանդից զուրկ երկիրն էլ ավելի վատ վիճակում է հայտնվում, քան հակառակ դեպքում:
Վերը նշված տվյալները մեկ անգամ ևս ապացուցում են, որ Հայաստանն իվիճակի է շնորհիվ իր մարդկային տաղանդի զարգացնել տնտեսությունը՝ ի հաշիվ այնպիսի արդյունաբերական ճյուղերի, որոնք ավելի քիչ բնական ռեսուրսներ և ավելի շատ մարդկային տաղանդ են պահանջում: