Լատվիան, Լիտվան և Էստոնիան պաշտոնապես խնդրել են ՆԱՏՕ-ին մի քանի հազարանոց ռազմաջոկատ ուղարկել իրենց տարածաշրջան՝ Ռուսաստանի Դաշնությունից պաշտպանվելու և նրան զսպելու նպատակով:
Ինչպես հայտնում է միջազգային մամուլը, այս երկրները խուճապի են մատնվել Ռուսաստանի «ագրեսիվ» պահվածքի հանդեպ օրեցօր աճող ահ ու սարսափից:
Մերձբալթյան երեք պետությունները, որոնք մի ժամանակ Խորհրդային Միության մաս են կազմել, պաշտոնական նամակ են ուղարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, ով խոստացել է անպայման հանգամանորեն ընթերցել այն և պատասխանել առաջարկներին:
«ՆԱՏՕ-ի ներկայությունն էական նախապայման է մեր անվտանգության համար այն իրավիճակում, երբ Ռուսաստանը չի փոխում իր քաղաքականությունն ուկրաինական հակամարտության հետ կապված, և միևնույն ժամանակ ամեն կերպ ցուցադրում է իր ռազմական ներուժը Բալթիկ ծովի տարածաշրջանում», - հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարարը:
Մերձբալթյան երեք երկրներն է՛լ ավելի են տագնապել այն բանից հետո, երբ Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ռազմական օդուժի և նավերի ելումուտը նրանց սահմանների մոտ, չնայած որ ռուս պաշտոնյաները հակադարձում են սրան՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն էլ պակաս զորավարժություններ չի անցկացնում կենտրոնական և արևելյան Եվրոպայում, և Ռուսաստանը պարզապես նույն բանն է արել Ուկրաինայի սահմանների մոտ և Կալինinգրադում, որը ՌԴ մի մասն է կազմում՝ Լիտվայի և Լեհաստանի հարևանությամբ: Ի դեպ, Լեհաստանը ևս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի աջակցության կարիքն է զգում և միացել է համընդհանուր խնդրագրին:
Ի պատասխան այս ողջ իրարանցմանն ու խուճապին, Եվրոպական Միությունում ՌԴ դեսպան Վլադիմիր Չիժովը պատասխանել է. «ՆԱՏՕ-ին ուղղված այս խնդրանքն ավելի շատ իրենց տեղական քաղաքականությամբ է պայմանավորված, քան իրական անվտանգության նկատառումներով: Որքանով որ տեղյակ եմ՝ ոչ ոք չի սպառնում մերձբալթյան պետություններին: Համենայն դեպս, ոչ ոք, ում ես ճանաչում եմ»: