Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի հետ:
- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա փուլը: Որքանո՞վ է հաջողվել եվրոպացի գործընկերների հետ հասնել փոխըմբռնման և հարթել առաջացած բարդությունները:
- ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը եղել և այսօր էլ մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Ավելորդ է ասել, թե որքանով է այն կարևոր մեր երկրի համար: Իմ գնահատականով Հայաստան-ԵՄ հարաբերությունները այսօր գտնվում են ցանկալի մակարդակի վրա, որևէ քաղաքական տարաձայնություն չկա, և առաջիկա շրջանում այդ հարաբերությունները նոր ազդակ ու արդյունքում նոր միս ու արյուն կստանան:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ռիգայի գագաթաժողովից:
- Կարծում եմ, որ Ռիգայի գագաթաժողովը կառանձնանա նրանով, որ ԵՄ-ն կարձանագրի արևելյան գործընկերների հետ տարբերակված մոտեցման իր քաղաքականությունը: Հայաստանը իր շրջահայաց քաղաքականությամբ մեծապես նպաստել է նման որոշման հասունացման համար: Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքը հանդիսացող մայր համաձայնագիրը վաղուց հնացած է, հնացած է բոլոր առումներով և անհրաժեշտություն կա ձևակերպելու այդ հարաբերությունների համար նոր տեսլական և նոր իրավական հիմք: Ենթադրում եմ, որ Ռիգայի գագաթաժողովում ԵՄ-ն և մեր երկիրը կարող են հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ արձանագրելով հարաբերություններն առաջ մղելու նոր բանակցային ռաունդ սկսելու քաղաքական կամքը, ինչին կհետևի բանակցային մանդատի տրամադրումը և բուն բանակցությունները:
- Եվրահանձնաժողովի կողմից մանդատի տրամադրումից հետո Ձեր գնահատմամբ որքա՞ն կարող են տևել բանակցությունները: Ի՞նչ դերակատարում այս փուլում կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը:
- Ի նկատի ունենալով, որ բանակցող թիմերն ապագայում մաքուր էջից չեն սկսելու՝ կարելի է ենթադրել, որ այդ բանակցությունները շատ երկար չեն տևի: Չէ՞ որ Ասոցացման համաձայնագրի բանակցային փուլում մեծ գործ է արվել, և հիմա, խոշոր հաշվով, մնում է դուրս բերել բոլոր այն դրույթները, որոնք կարող են հակասություններ պարունակել՝ կապված Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ:
Ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտության դերին, այն բավականին մեծ է՝ հատկապես ի նկատի ունենալով, որ ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներում՝ արևելյան գործընկերների վերաբերյալ կայացվող որոշումները ոչ միշտ են քննարկվում ազգային խորհրդարանների անդամների կամ եվրոպական խորհրդարանական կառույցների իրենց ներկայացուցիչների հետ: Այս առումով մենք արդյունավետ աշխատանքի փորձ ունենք ու կշարունակենք մեր նպատակային աշխատանքը և՛ մայրաքաղաքներում, և՛ Բրյուսելում ու Ստրասբուրգում:
- Որքանո՞վ են այսօր արդյունավետ Արևելյան գործընկերությունն ու դրա գործիքները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ դրա արդյունավետությունը բարձրացնելու և փոխադարձ ակնկալիքներն ու հնարավորություններն առավելագույնս հաշվի առնելու համար:
- Հետևություններ անելու անհրաժեշտություն իսկապես կա և՛ ԵՄ-ի, և՛ արևելյան գործընկերների կողմից: Դրանք շատ-շատ են: Ամենակարևորը, որ մենք՝ որպես գործընկեր, ցանկանում ենք, որ բոլորը գիտակցեն՝ Արևելյան գործընկերությունը չի կարող ուղղված լինել որևէ այլ կողմի դեմ, և որ գործընկերները չպետք է կանգնեն այս կամ այն ընտրություն կատարելու առջև: