Իրանի Էներգետիկայի փոխնախարար Հուշանգ Ֆալահիան հայտարարել է, որ Հայաստանը, Վրաստանը և Իրանը շուտով կհամագործակցեն էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում:
«Հայաստանի տարածքով մենք կարող ենք էլեկտրականություն փոխանակել Վրաստանի հետ», - ասել է փոխնախարարը Վրաստանի իր գործընկեր Մարիամ Վալիշվիլիի հետ վերջերս Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:
Իրանացի պաշտոնյան նաև նշել է, որ հարկ եղած դեպքում Թեհրանը կարող է ներդրումներ անել Վրաստանի էներգետիկ ոլորտում՝ էլեկտրականություն փոխադրող հոսանքալարերը հզորացնելու և ամբողջ համակարգը բարեկարգելու նպատակով:
Ֆալահիան կարևորել է նաև Հայաստանով անցնող 170 կմ երկարությամբ փոխանցումային գծի կառուցումը, ինչը նախատեսվում է իրագործել երկու տարվա ընթացքում: Այս գիծը հնարավորություն կտա Իրանին էներգիա փոխանցել Տաջիկստան:
Վրաստանի Էներգետիկայի նախարարն իր հերթին հույս է հայտնել, որ իրանական կազմակերպությունները ներգրավված կլինեն երկրի էներգետիկ համակարգում բարեփոխումների հարցում:
Իրանը էլեկտրաէներգիա է փոխանակում Հայաստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրաքի և Աֆղանստանի հետ: Իսլամական Հանրապետությունը հնարավորություն է փնտրում տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հիմնական արտահանող դառնալու, ինչպես նաև փորձում է ոլորտը գրավիչ դարձնել մեծ ներդրումների համար:
Հայաստանը տարեկան 1,225 միլիոն կՎտ էլեկտաէներգիա է արտահանում և ներմուծում 358 միլիոն կՎտ: ՀՀ տարեկան արտադրում է 6,490 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա, որից վերջնական սպառումը կազմում է 4,507 միլիոն կՎտ: Արտադրված էլեկրաէներգիայի 39 տոկոսը բաժին է ընկնում ատոմային էներգիայի արտադրությանը, 33 տոկոսը` հիդրոյին, 22 տոկոսը` բնական գազից և 6 տոկոսը քամուց կամ փոքր հիդրո կայաններից ստացված էլեկտրականությանը: Հայաստանը տարածաշրջանում համարվում է էլեկտրաէներգիա արտադրող և արտահանող առաջատար երկիր՝ ի հաշիվ ատոմային էլեկտրաէներգիայի արտադրության:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն էլեկտրաէներգիա է ստանում հիմնականում հիդրոկայաններից՝ 77 տոկոս, ջերմային մշակմամբ՝ 18 տոկոս և միայն 5 տոկոս ներմուծմամբ:
Իրանն էլեկտրաէներգիա է ստանում հիմնականում բնական գազից՝ 69 տոկոս, նավթից՝ 25 տոկոս, հիդրոկայաններից՝ 6 տոկոս և այլ աղբյուրներից՝ մոտ 2 տոկոս: Արևմտյան պատժամիջոցները սահմանափակել են երկրի արտահանումը հատկապես էներգետիկ ռեսուրսների գծով, դա վերաբերում է նավթին, բնական գազին, ինչպես նաև էլեկտրաէներգիային: Սակայն ինչպես 5+1 բանակցություններն են ցույց տալիս, համաձայնության միտումներ կան, ինչի հետևանքով հարևան երկրի տնտեսությունից հունիսին պետք է աստիճանաբար հանվեն պատժամիջոցները: Սա է հիմնական պատճառը, որ երկիրն արդեն իսկ փորձում է առևտրային կապերն ընդլայնել հատկապես էներգետիկ ռեսուրսների սպառման դաշտում: Իրանը համարվում է էլեկտրաէներգիա արտադրող աշխարհի 19-րդ և արտահանող 20-րդ երկիրը:
Համագործակցությունն Իրանի, Վրաստանի և Հայաստանի միջև տվյալ ոլորտում կխթանի ոլորտի զարգացումը և կնպաստի միասնական ուժերով արտահանման ակտիվացմանն աշխարհի տարբեր ուղղություններով՝ ընդլայնելով ցանցը: Այլ խոսքով, էլեկտրաէներգիա արտահանելու միասնական ցանց կարող է ստեղծվել տարածաշրջանի երկրների միջև, ինչը վստահաբար կբխի մեր տնտեսական շահերից: Սա կնպաստի այս գծով արտադրանքի ծավալների ավելացմանը: