Վրաստանը լավատեսորեն սպասում է կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, չնայած այն հանգամանքին, որ մինչ այժմ մի շարք հարցեր, օրինակ՝ ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցը, դեռևս վերջնականապես համաձայնեցված չեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Թամարա Բերուչաշվիլին, որն աշխատանքային այցով գտնվում է Լատվիայում:
«Տրամադրվածությունը բացասական չէ, կա լուրջ լավատեսություն, որը դրական է՝ չնայած, որ մինչև վերջին պահը ընթանալու է այնպիսի բարդ հարցերի համաձայնեցում, ինչպիսիք են եվրոպական ընտրությունը և եվրոպական հեռանկարը, վիզային ռեժիմի ազատականացումը և հստակ ամսաթվերի ֆիսումը, ինչպես նաև ԵՄ քաղաքական կամքը և Արևելյան գործընկերությունը շարունակելու ԵՄ պատրաստակամությունը»,- վրացի լրագրողներին հայտնել է Բերուչաշվիլին:
Գագաթաժողովի շրջանակներում Վրաստանի արտգործնախարարը կհանդիպի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի հետ, ինչպես նաև ելույթ կունենա «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Բերուչաշվիլին, «Արևելյան գործընկերության» կայանալիք գագաթաժողովն ունի հատուկ կարևորություն՝ ԵՄ եհտ Վրաստանի քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման հետագա քաղաքականության տեսանկյունից:
Հիշեցնենք, որ մայիսի 21-22-ին Ռիգայում կկայանա ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որին Վրաստանը ներկայացված կլինի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակությամբ: