Ժամեր անց Ռիգայում կմեկնարկի Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովը, որից մեծ ակնկալիքներ ունեին գրեթե բոլոր մասնակիցները, իսկ բոլորից ավելին՝ հենց այս նախաձեռնության շրջանակներում զարգացած գործընթացների արդյունքում ներքաղաքական ճգնաժամում հայտնված Ուկրաինան: Սակայն այսօր արդեն հնչում են կարծիքներ, որ Ռիգայում վերջին չի կարող հավակնել նույնիսկ ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման:
Ինչպես նշել է Գերագույն Ռադայի ներկայացուցիչը, առաջիկա գագաթաժողովը շատ ավելի հրատապ հարցեր ունի կարգավորելու, քան ԵՄ հետ Ուկրաինայի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատկանացման մեկնարկին դրական ազդանշան տալն է: «Արևելյան գործընկերության քաղաքականության նպատակը ԵՄ շուրջ «բարեկամների օղակ» ձևավորելն էր: Մինչդեռ այսօր բարեկամների, կայունության, բարեկեցության ու բարգավաճման օղակի փոխարեն «հրե օղակ» ունենք: Այս գագաթաժողովի ու նրա արդյունքների կարևորությունը կախված է նրանից, թե, առաջին հերթին, որքանով այն կկարողանա մարել այդ կրակը, երկրորդը, թե գործնականում, ոչ՝ տեսականորեն, կյանքի կկոչվի հիմնարար այն սկզբունքը, որ դրվել էր Արևելյան գործընկերության հիմքում՝ այն է՝ տարբերակված մոտեցումը գործընկերների նկատմամբ: Խոսքը նրա մասին է, որ ԱլԳ վեց մասնակիցներից առնվազն երեքը՝ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը, հստակ արտահայտել են ապագայում ԵՄ անդամ դառնալու իրենց պատրաստակամությունը: Դեռևս այս ցանկությանը հստակ պատասխան՝ ի դեմս եվրոպական հեռանկարի տրամադրման, ինչը հռետորական դարձվածք չէ, այլ ընդլայնման քաղաքականության համատեքստի իրավական նորմ է, չի տրվել»,- հայտարարել է Ռադայի՝ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահը:
Փոխարենը Ռիգայի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի նախագծում սահմանված է հետևյալը. «Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում, գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են յուրաքանչյուր գործընկերոջ ինքնիշխան իրավունքն ազատ ընտրելու ԵՄ հետ հարաբերություններում իր հավակնությունների մակարդակն ու նպատակները, որոնց ձգտում է: ԵՄ-ի և գործընկերոջ իշխանությունն է որոշելու, թե ինչպես են ցանկանում զարգացնել իրենց հարաբերությունները»: Ինչպես նման մոտեցումը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ Ռիգայի նպատակն է պարզապես չնահանջել Վիլնյուսում սահմանված նպատակներից: Միաժամանակ, թվում է` Բրյուսելում առանձնապես շահագրգիռ չեն նաև ավելի առաջ անցնել Վիլնյուսում սահմանված հավակնություններից` հասկանալի պատճառով: Նման մոտեցումը թերևս լիովին տեղավորվում է ԵՄ սահմանների շուրջ «հրե օղակը» կամ գոնե «հրդեհի օջախները» մարելու՝ Բրյուսելի քաղաքականության մեջ:
Եթե չասենք, որ նույն նպատակն էր հետապնդում, ապա առնվազն այդ նպատակի իրագործմանը կարող է մեծապես նպաստել նաև ռուս-ամերիկյան շփումների ակտիվացումը վերջին շաբաթվա ընթացքում: Ինչպես հայտնի է, ԱՄՆ պետքարտուղար Քերին Սոչիում ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ԱՄՆ կարող է նպաստել Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը: Ինչպես երեկ Բրյուսելում, իր հերթին, նշեց Լավրովը, Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են օգտագործել իրենց ազդեցությունn ուկրաինական ճգնաժամի կողմերի վրա ՝ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը երաշխավորելու նպատակով:
Թերևս պատահական չէ, նաև, որ կրկին՝ ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ, ԱՄՆ պետքարտուղարը հանդիպման ընթացքում չի անդրադարձել Ղրիմին: Լավրովն էլ իր հերթին հավաստեց, որ Դոնեցկի և Լուգանսկի, այսպես կոչված, հանրապետություններն Ուկրաինայի մաս են կազմում:
Միաժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վ. Նուլանդը Կիև կատարած այցի արդյունքում (որտեղից էլ մեկնել էր Մոսկվա) հավաստիացրել էր, թե իր տեղեկատվությամբ, ուկրաինական կողմը չի պատրաստվում նոր ագրեսիվ գործողություններ սկսել Դոնբասում:
Այս ամենը, սակայն, Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյին չի խանգարել հայտարարել, որ Ռիգայում իրենց առաջնային նպատակներից է լինելու ՌԴ դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ միասնական դիրքորոշոման մեջ հավաստիանալը: Միաժամանակ, Պորոշենկոն պատրաստվում է դիմել ԵՄ առաջնորդներին ԵՄ Խորհրդի՝ հունիսին նախանշված գագաթաժողովում պատժամիջոցների ժամկետը երկարաձգելու որոշում կայացնելու պահանջով:
Թվում է՝ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար առկա են և′ իրավական հիմքերը՝ ի դեմս Միսնկի պայմանավորվածությունների, և′ քաղաքական կամք կոնֆլիկտի կողմերում: Հարց է ծագում՝ ինչո՞ւմն է այլևս խնդիրը և ինչու՞ է կարևոր ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումն Ուկրաինայի համար:
Բանն այն է, որ ինչպես խոստովանում են իրենք` հակամարտող կողմերը, խնդիրը դետալների մեջ է. փետրվարի 12-ին Մինսկում ստորագրված փաստաթուղթն ամրագրում էր Ուկրաինայում իշխանության ապակենտրոնացմանն ուղղված սահմանադրական բարեփոխումներ իրականանցելու անհրաժեշտությունը: Ըստ Մոսկվայի, սա նշանակում է Դոնեցկի և Լուգանսկի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքի ընդունում, որը կամրագրի վերջիններիս այժմ ունեցած լիազորությունները: «Նրանք (Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները) ներկայացրել են սահմանադրության իրենց օրինակը: Այնտեղ նրանք խոսում են ճիշտ այն կարգավիճակի մասին, որը նանխատեսվում է Մինսկի պայմանավորվածություններով, հանրապետությունները կշարունակեն Ուկրաինայի մաս կազմել, այնուհետև սահմանադրական բարեփոխումներ կիրականացվեն, որպեսզի այդ կարգավիճակն ամրագրվի մշտական հիմունքներով»,-հայտարարել է Լավրովը:
Մինչդեռ Կիևի դիտանկյունից իրավիճակն այլ է. վերջինս հրաժարվում է նախ ճանաչել, առավել ևս՝ երկխոսություն սկսել Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունների հետ: Իսկ վերջիններիս ունեցած լիազորությունները սահմանադրորեն ամրագրելը կնշանակի փաստացիորեն հրաժարվել երկրի շուրջ 17 հազ. ք/կմ տարածքի նկատմամբ Կիևի վերահսկողությունից: Արդյունքում, թերևս պատահական չէ, որ Ուկրաինայում, խոստովանելով, որ երկրի տարածքային ամբողջականությունը չեն կարող վերանվաճել ուժով, փորձում են Մինսկի պայմանավորվածություններից և նույնիսկ կարգավորման այս ձևաչափից խուսափելու ուղիներ փնտրել:
Եվ այժմ հարցը նրանում է, թե որքանով Վաշինգտոնն իրապես կօգտագործի իր ազդեցությունը Կիևի նկատմամբ` ստիպելով նրան իրագործել Մինսկում ստանձնած պարտավորությունները:
Իսկ Վաշինգտոգին և Մոսկվային այժմ ուկրաինական ճգնաժամից բացի հուզող մի շարք այլ հարցեր էլ կան, որոնց կարգավորումն իրապես կախված է այս ուժերի համագործակցությունից, դրանց շարքում առաջնային են Իրանի միջուկային ծրագիրն ու առաջիկա համաձայնագիրը դրա կարգավորման շուրջ, սիրիական ճգնաժամը, իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը:
Ինչևէ, Ռիգայի հանդիպմանը մնացել են ժամեր, և մնում է հուսալ, որ ԵՄ-ն, որտեղ իրապես շատ հարցերի առնչությամբ միասնական կարծիքի ու մոտեցման ձևավորումը բավականին դանդաղ ու բարդ գործընթաց է, բավականին զգուշավոր դիրք կզբաղեցնի` հարցականի տակ չդնելով ՌԴ-Արևմուտք երկխոսության հնարավորությունը, որը ստեղծվեց ամերիկացի պաշտոնյաների ռուսաստանյան այցերով և որի տապալման դեպքում կրկին վտանգված կլինեն առաջին հերթին հենց ԵՄ արևելյան գործընկերները: