Վերջին շրջանում լայն տարածում ստացած այն ճշմարիտ թեզը, համաձայն որի` Ցեղասպանության 100-րդ տարելիցը հանդիսանում է Ցեղասպանության ճանաչման և դատապարտմանն ուղղությամբ իրականացվող քայլերի նոր հանգրվան, կարծես ստանում է իր առարկայական դրսևորումները: Նման առարկայական դրսևորման վառ օրինակ հանդիսացավ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերից բռնագրավված Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու` Թուրքիային ներկայացված դատական հայցը: Սա պետք է համարել էական քայլ առաջ և դրա կարևորությունը լիարժեք պատկերացնելու համար այն պետք է դիտարկել հետևյալ հիմնական դրույթների ներքո. առաջին, սա հստակ ուղերձ է թե՛ Թուրքիային և թե՛ միջազգային հանրությանը, որ Ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ և դրա տրամաբանական հաջորդ քայլ պետք է հանդիսանա Ցեղասպանության հետևանքով հայերին հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասի փոխհատուցումը, երկրորդ՝ սրանով, ըստ էության, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տեղափոխում է նոր` իրավական հարթակ, ինչը թույլ կտա մեր պահանջատիրությունը Թուրքիայի հանդեպ դարձնել առարկայական:
Ուստի, ամփոփելով վերը նշվածը, մնում է միայն հավելել, որ Սիսի կաթողիկոսության նստավայրը վերադարձնելու` Թուրքիային ներկայացված դատական հայցը հանդիսանում է կարևոր նախադեպ, Թուրքիայի դեմ նմանատիպ անհատական և խմբային դատական հայցերի հետագա ներկայացման համար. մի գործընթացի, որը հավակնում է դառնալ Հայաստան-Սփյուռք-Արցախ հնարավոր միասնական օրակարգի առանցքային բաղադրիչ: