Մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ` Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ հարցազրույցն ադրբեջանցի վերլուծաբան, «3-d View» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռաուֆ Ռաջաբովի հետ: Հարցազրույցը ներկայացված է հատվածաբար:
- Պարո՛ն Ռաջաբով, ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵՄ Ռիգայի գագաթաժողովից։
- Մայիսի 21-22-ը կայանալիք ԵՄ Ռիգայի գագաթաժողովը «Արևելյան գործընկերության» ծրագրի 6 գործընկեր երկրների մասնակցությամբ կավարտվի պաշտոնական Բրյուսելի և ծրագրի 6 մասնակից երկրների միջև առանց որևէ քաղաքական համաձայնագրի ստորագրման։
Մասնավորապես ԵՄ-ն չի տիրապետում իրական քաղաքական և տնտեսական գործիքների՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների վրա ազդելու համար։ Հատկապես որ Բրյուսելում կարծում են, որ առաջիկա հեռանկարում գործընկեր երկրների հաշվին ԵՄ-ի ընդլայնման հերթական «ալիք» չի լինելու։
Խորհրդանշական է, որ եվրոպական պաշտոնյաները կարծում են, թե պաշտոնական Բրյուսելը պետք է հետաձգի «Արևելյան գործընկերության» ծրագրի արդիականացմանն ուղղված իր ջանքերը մինչև հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրավիճակի փոփոխությունը իր օգտին։
Բան այն է, որ պաշտոնական Բրյուսելն ի զորու չէ հաջողությամբ առաջ տանել «Արևելյան գործընկերության» ծրագիրը հետխորհրդային երկրներում առանց լուծելու այսպես կոչված «ուկրաինական» հարցը։
Խորհրդանշական է, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում եվրաինտեգրման հարցում բացակայում է Ադրբեջանի և Հայաստանի՝ եվրոպական կառույցներին սերտ քաղաքական ինտեգրացիայի ձգտումը։ Այլ կերպ ասած՝ երկու հանրապետությունների պաշտոնական իշխանությունները տարբեր պատճառներով չեն նախատեսում երկու հարավկովկասյան հանրապետությունների իրական եվրաինտեգրման քաղաքականության իրականացում։
Սրա հետ մեկտեղ՝ կարելի է ենթադրել, որ Ռիգայում պաշտոնական Բրյուսելը կառաջարկի Ադրբեջանին, Հայաստանին և Բելառուսին հատուկ գործընկերոջ կարգավիճակ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում։ Սակայն քիչ հավանական է, որ վերոնշյալ երեք հանրապետությունները ԵՄ-ի հետ ԱլԳ շրջանակում ինչ-որ քաղաքական փաստաթուղթ ստորագրեն։
Մասնավորապես պաշտոնական Բաքուն խուսափում է ԱլԳ քաղաքական և տնտեսական խնդիրների իրականացումից, որը ենթադրում է այդ թվում նաև պաշտոնական Բաքվի քաղաքական-տնտեսական համագործակցությունը պաշտոնական Երևանի հետ։ Այդ պատճառով պաշտոնական Բաքուն կարող է ԵՄ-ի հետ ստորագրել միայն երկկողմ համագործակցության համաձայնագրեր ոչ ԱլԳ շրջանակներում, որը նախատեսում է փոխշահավետ և իրավահավասար հարաբերություններ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև։
Միևնույն ժամանակ պաշտոնական Բաքուն ձգտում է օգտագործել եվրոպական հարթակն իր ազգային և տարածաշրջանային նպատակների համար։ Պաշտոնական Բաքուն կարող է ԵՄ-ի հետ ստորագրել էներգետիկ համաձայնագիր, որը կնախատեսի «Հարավային գազային միջանցք» էներգափոխադրող ծրագրի ամբողջական իրականացմումը, այդ թվում՝ Տրանսկասպյան գազատարի կառուցումը։ Հատկապես որ Ադրբեջանը, Թուրքիան, Թուրքմենստանը և ԵՄ-ն, որոնք հետաքրքրված են թուրք-ադրբեջանական TANAP և TAP էներգափոխադրող ծրագրերի շուտափույթ իրականացմամբ, «Հարավային գազային միջանցք» էներգափոխադրող ծրագրի շրջանակներում ձեռնամուխ են եղել «Կասպյան կոնսորցիումի» ստեղծման գործընթացին։