Ռիգայի գագաթաժողովը հնարավորություն է վերահաստատելու այն ռազմավարական կարևորությունը, որ ԵՄ-ն տալիս են Արևելյան գոծընկերությանը։ Այս մասին Ռիգայում այսօր կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախօրեին «Արմեդիա» ՏՎԳ-ին հայտնել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի խոսնակ Մայա Կոսիյանչիչը:
«Ռիգայի գագաթաժողովը հնարավորություն է վերահաստատելու այն ռազմավարական կարևորությունը, որը մենք տալիս են Արևելյան գոծընկերությանը։ Մենք ցանկանում ենք ցույց տալ մեր խորը հետաքրքվածությունը և վճռականությունը՝ հասնելու ավելի սերտ և անհատական հարաբերությունների մեր վեց գործընկերների հետ՝ ինչպիսին էլ լինեն ԵՄ հետ հարաբերություններում նրանց անհատական հավակնությունների մակարդակը»,- ասել է Կոսիյանչիչը:
Նա հավելել է, որ առաջիկա տարիների ԵՄ առանցքային խնդիրն է ավելի շոշափելի աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերներին՝ «տարածելով ԵՄ նոու-հաուն և տրամադրելով ֆինանսական աջակցություն՝ հնարավորինս արդյունավետ եղանակով՝ համոզվելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը նպաստում է երկարաժամկետ և կայուն փոփոխությունների»։ «ԵՄ աջակցությունը բարեփոխումներին հիմնված է խթանների վրա և կոչված է ընդհանուր քաղաքականություն շրջանակներում դիֆերենցված մոտեցում ցուցաբերելով համապատասխանել գործընկերներից յուրաքանչյուրի կարիքներին և հավակնություններին»,- հավելել է պաշտոնյան:
Կոսիյանչիչը շեշտել է, որ Արևելյան գործընկերությունը դուրս է եկել կառավարությունների միջև հարաբերությունների շրջանակից՝ համագործակցության մեջ ներառելով հասարակության լայն շերտերի։ Անդրադառնալով «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և Քաղաքացիական հասարակության ֆորումների գործունեությանը՝ նա շեշտել է. «ԱլԳ առաջին մեդիա համաժողովը տեղի կունենա Ռիգայի գագաթաժողովի շրջանակներում՝ դիտարկելու համար լրատվամիջոցների դերը Արևելյան գործընկերության համատեքստում»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մայիսի 19-ին Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ Խորհրդին ուղղված դիմումը՝ լիազորելու մեկնարկել Հայաստանի և ԵՄ-ի միջև իրավական պայմանագրի շուրջ բանակցությունները: Ինչպես նշված է ԵՄ պաշտոնական կայքում, ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումից հետո կողմերը վերահաստատեցին իրենց պարտավորությունները հետագայում զարգացնելու և խորացնելու համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում՝ երկկողմ հետաքրքրությունների բոլոր բնագավառներում։ «Նախորդ տարի Հայաստանը և ԵՄ սկսեցին քննարկումները հետագա նորացված համագործակցության շուրջ համաձայնագրի մասին՝ հաստակեցնելով այն ոլորտները, որոնք համատեղելի են Հայաստանի՝ ԵԱՏՄ –ում ունեցած պարտավորությունների հետ»,- ասված է հայտաարության մեջ։
Այժմ բանակցությունները սկսելու վերաբերյալ մանդատի հայցը պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների կողմից: