Եվրոպական Միությունը կշարունակի աջակցել Արևելյան գործընկեր երկրներում գործարարության և փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը:
Ինչպես նշում է «Մեդիամաքսը», այս մասին այսօր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի բիզնես ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:
Նա նշել է, որ գործարարության և տնտեսական հարաբերությունների խթանումը զինված հակամարտություններից խուսափելու ամենախաղաղ միջոցներից է:
ԵՄ հանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան նշանակալի աճ են գրանցել արտահանման ծավալներում:
Պատասխանելով Ուկրաինայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրության վերաբերյալ հարցին՝ Յոհաննես Հաանն ասել է, որ անդամակցության հայտ ներկայացնելու համար այդ երկու երկրները դեռևս պետք է ընդունեն և իրականացնեն բազմաթիվ բարեփոխումներ:
«Սա գործընթաց է, որի իրականացումից հետո միայն մենք կարող ենք խոսել ապագա քայլերի մասին»,- ասել է Յոհաննես Հաանը:
Մայիսի 21-22-ը Ռիգայում անցկացվում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որի գլխավոր թեման ծրագրի վեց անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են: Հայաստանը գագաթաժողովում ներկայացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: