Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում օրերս տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ և ըմբռնումով մոտեցել Ռիգայում մեկնարկող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին նրա բացակայությանը։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին ասվում է նրա՝ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազույցի արդյունքները ամփոփող կոմյունիկեում։
«Այսօր առավոտյան ես ցավակցություն եմ հայտնել նախագահ Ալիևին, Բաքվում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի ընտանիքներին և ընկերներին։ Ցավում եմ, որ այդ ողբերգական դեպքը թույլ չի տալիս նախագահ Ալիևին այցելել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, ես հասկանում եմ, որ նա պետք է իր ժողովրդի կողքին լինի այս դժվար պահին»,- նշել է Տուսկը։
Նա հայտնել է, որ իրենք քննարկել են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները։ Տուսկը նշել է նաև, որ ընդունել է Ադրբեջան այցելելու վերաբերյալ Ալիևի հրավերը։