Վերջերս Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի համատեղ հայտարարությունից ելնելով կարելի է ասել, որ ԵՄ-ն ո’չ ցանկանում է լուծել Թուրքիայի անդամակցության հարցը, ո′չ էլ կարողանում է նրանից հրաժարվել:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին եղել և մնում է ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անկյունաքարը: Ըստ այդմ՝ կարևորվել են մի շարք հարցեր, ինչպիսիք են, օրինակ` անդամակցության բանակցությունների վերակենդանացումը, ինչպես նաև օրենքի գերակայության և արդարադատության խնդիրը, տնտեսական փոխգործակցության ամրապնդումը:
Կարելի է ասել, որ այս բանակցությունները մտածելու տեղիք են տալիս, թե իրականում ի՞նչ է ընկած ԵՄ- Թուրքիա այս հարաբերությունների հիմքում: Արդյո՞ք ԵՄ-ն, ցանկանալով վերակենդանացնել անդամակցության բանակցությունները, մտադիր է այս ձևով խոչընդոտել «Թուրքական հոսքի» առաջխաղացմանը և արդյո՞ք այս ամենն ուղղված է Ռուսաստանի դեմ:
Կարծես, թե Թուրքիան լրջորեն «վիրավորված» էր ՌԴ-ից Հայոց ցեղասպանության հետ կապված վերջինիս դիրքորոշման պատճառով. ոչ բարեկամական հայտարարությունները (այդ թվում նաև Ղրիմին վերաբերող) հաջորդում էին մեկը մյուսին: Երկու երկրների հարաբերություններում առկա էր որոշակի սառեցում: Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՌԴ նախագահին սպառնալուց հետո Էրդողանը երեք օր հետո «հիշեց» Ղրիմի մասին: Նա հայտարարեց, որ Պուտինը օսմանցիների կողմից 1915 թվականի ջարդերը դատապարտելուց առաջ նախ ինքը պետք է Ղրիմի և Ուկրաինայի առջև պատասխան տա իր կատարած գործողությունների համար:
Թեև այս ոչ բարեկամական հայտարարությունները հարաբերությունների լարվածության մակերեսային պատկեր ստեղծեցին, սակայն կարելի է ասել, որ խորքային մակարդակով հարաբերությունները (մասնավորապես` առևտրատնտեսական) շարունակում են զարգանալ: Այսինքն` պրագմատիկ հարաբերությությունները դիտարկվում են հրապարակային քաղաքականությունից դուրս:
Ինչ վերաբերում է «Թուրքական հոսքին»՝ Թուրքիան հայտարարել է, որ չնայած ԵՄ-ն «Հարավային հոսք» ծրագրի տապալումից հետո ունի հակասական տրամադրվածություն այս նախագծի նկատմամբ, այնուամենայնիվ, նա չգնաց ծրագրի ամբողջական տապալման: Կարելի է ասել, որ Թուրքիան այս քայլին դիմեց՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը թուլացնելու նպատակով: Ռուսաստանի շահերն այս առումով նույնպես ակնհայտ են, քանզի եթե այս նախագիծն իրականություն դառնա, ապա Ռուսաստանը կազատվի Ուկրաինայի տարածքով գազի տրանզիտի կախվածությունից: Ուստի տրամաբանական է, որ Ռուսաստանն իր բոլոր ջանքերը կգործադրի այս նախագիծն իրականացնելու համար:
Եթե ռուս-թուրքական հարաբերություններում կենտրոնական դեր ունի էներգետիկ ոլորտն, ապա Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առևտրատնտեսական հարաբերությունուններն են: Թուրքական շուկան Եվրամիության երկրների համար հանդիսանում է առաջնային շուկաներից մեկը, իսկ Եվրամիությունն, իր հերթին, համարվում է Թուրքիայի ընդհանուր առևտրաշրջանառության տեսանկյունից թիվ մեկ գործընկերը:
Հաշվի առնելով առկա իրողությունները` կարելի է պնդել, որ Թուրքիան փորձում է վարել երկակի քաղաքականություն.մի կողմից չի ցանկանում կորցնել Ռուսաստանի նման հզոր դաշնակցին, մյուս կողմից` շարունակում է բանակցությունները ԵՄ անդամակցության հետ կապված: Որքան էլ, որ ԵՄ-ն ցանկանա «հեռու պահել» Թուրքիային Ռուսաստանից՝ դրանով իսկ խոչընդոտելով գազատարի շինարարությունը, այնուամենայնիվ դա հազիվ թե նրան հաջողվի, քանի որ Թուրքիան նպատակ ունի դառնալ տարածաշրջանային էներգետիկ հաբ (հանգույց): Ավելին` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ջանքերով առաջընթաց կա նաև ԵԱՏՄ-Թուրքիա ազատ առևտրի պայմանագիր ստորագրելու հարցում, ինչը նոր տնտեսական կապեր կստեղծի միության անդամ Ռուսաստանի և Թուրքիայի միջև: