Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար:
«Մենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն ընձեռնում ենք բոլոր գործընկերներին: Հայաստանի ու Ադրբեջանի հարցում որոշակի զարգացում ենք արձանագրել: Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկություն հայտնեն ու բոլոր չափանիշները կատարվեն, ես պատճառ չեմ տեսնում նման հնարավորություն չտրամադրելու համար», - ասել է Լատվիայի ԱԳ նախարարը:
Էդգարս Ռինկևիչսն անդրադարձել է նաև Հայաստանի հետ նոր համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հարցին:
«Այդ հարցը մենք քննարկել ենք դեռ հունվարին՝ ԵՄ-ՀՀ Խորհրդի նիստին: Մենք պատրաստ ենք Երևանի հետ բանակցություններ սկսել նոր համաձայնագրի շուրջ, որը հիմնված կլինի Հայաստանի հետ դեռ 2013 թ-ից ունեցած մեր մշակումների վրա, այսինքն` Ասոցացման համաձայնագրի նախագծից: Սակայն սկզբունքային տարբերությունն այն է, որ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվ մենք պետք է ուղիներ փնտրենք, որպեսզի Հայաստանի՝ ԵՏՄ անդամի պարտավորությունները չհակասեն Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը մի շարք ուղղություններով», - նշել է Ռինկևիչսը: