Ադրբեջանը ԵՄ-ից հատուկ պայմաններ է պահանջում։
«ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները պետք է կառուցվեն ոչ թե նույն շրջանակներում, ինչպես որ արվում է այլ երկրների պարագայում, այլ առանձին-առանձին՝ ստորագրելով ռազմավարական գործընկերության փաստաթուղթ»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը՝ ամփոփելով Ռիգայի գագաթաժողովի արդյունքները:
Նա դժգոհություն է հայտնել գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի բովանդակությունից։ Նաև հավելել է․ «Եթե մեր առաջարկությունները հաշվի չառնվեն ԵՄ-ի կողմից, ապա մոտ ապագայում մենք կհայտնենք մեր դիրքորոշման մասին՝ կապված այս համագործակցության և նրա բնույթի հետ»:
Արևմուտքի և ԵՄ-ի կողմից Ադրբեջանի հանդեպ մեղմ վերաբերմունքն ու երկրում տիրող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հռչակագրային հայտարարությունները՝ չհանգեցնող հստակ պատժամիջոցների, հիմք են ստեղծվում Ադրբեջանի հանդգնության համար։ Եվ այժմ, կարծես Ադրբեջանը փորձում է ԵՄ-ի հետ խոսել արդեն շանտաժի լեզվով։