Բելառուսը միացել է ԱլԳ Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ ընդհանուր հռչակագրին որոշակի վերապահումներով: Այս մասին Ռիգայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
«Բնականաբար, մեզ համար հռչակագրի վերջնական տարբերակն անընդունելի էր: Մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հռչակագիրը պարունակում է մի շարք կարևոր տարրեր Բելառուսի համար, ընդհանուր առմամբ, աջակցել ենք դրան, սակայն պայմանով, որ փաստաթուղթը կրի կառուցողական և դեպի ապագա կողմնորոշված բնույթ: Դա գրավոր հայտարարություն է, որը մենք խնդրել ենք հավելել որպես պաշտոնական փաստաթուղթ: Դա կարելի է անվանել պայման: Ներկայումս գլխավորը զգացական ինչ-որ հայտարարություն չանելն է, գլխավորը դեպի ապագա տանող ճանապարհ կառուցելն է», - հայտարարել է նախարարը:
Նա նշել է,որ Բելառուսը միշտ համարել է, որ Արևելյան գործընկերությունը պետք է նպատակաուղղված լինի բարելավելու երկրների համագործակցությունը և ամրապնդի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում ու մայրցամաքում:
Նախարարը նաև հայտարարել է, որ վիզային ռեժիմի դյուրացման մասին ԵՄ-ի հետ Բելառուսի բանակցությունները մոտ են եզրափակիչ փուլին: